Հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ պետության կողմից ձեռնարկվում են որոշակի քայլեր: Սրա մասին են վկայում նախ և առաջ մի քանի օր առաջ հրապարակված ցուցանիշները: 2015 թվականի համեմատ հարկային տեսչությունների կողմից իրականացված մասնակի ստուգումների և ուսումնասիրությունների քանակը կրկնակի նվազել է: Պետական եկամուտների կոմիտեն 2016-ին իրականացրել է 9128 ստուգում և ուսումնասիրություն, 2015-ի` 19 020-ի փոխարեն: Երկրորդը, որ անցյալ տարվա միայն վերջին ամսին հարկային եւ մաքսային մարմինները հավաքել են աննախադեպ չափի՝ 104 մլրդ դրամի եկամուտներ: Սա հարկային վարչարարության բարելավման հիմնական ուղղություններից է, որը պետք է շարունակություն ունենա նաև հետագայում:
Այո՛, մշտապես ակտուալ է այն հարցը, թե ինչ մեխանիզմներ պետք է կիրառել, որպեսզի պետություն-բիզնես միջավայր փոխհարաբերությունները չփչանան: Ավելի շատ հարկեր հավաքել պետական բյուջեն համալրելու համար, իրականացնել ավելի շատ սոցիալական ծրագրեր, թե՞ մեղմացնել հարկային բեռն ու վարչարարությունը՝ հնարավորություն տալով բիզնեսին ավելի ազատ գործել: Պատասխանը այս երկուսի ոսկե միջինն է: Պետությունը պետք է կարողանա համալրել պետական բյուջեն աշխատավարձեր, թոշակներ վճարելու, սոցիալական, առողջապահական, կրթական, պաշտպանական եւ այլ ծախսեր կատարելու համար, սակայն դա չպետք է այնպիսի ծանր բեռ դառնա գործարար աշխարհի համար, որը բերի նրա գործունեության դադարեցմանը: