Ասեղի հերթական ծակոցը, ետազդեցությունն ու հիշողությանս կորուստը: Հետո պատահական ճերմակ սենյակում հայտնվելս: Ես կորել էի ճերմակ վարագույրներով պատված նեղ խցում, եթե մինչ այդ երբևէ հանդիպեի այդ խցին, կկարծեի, թե նրանում ոչ ավել, ոչ պակաս 2 հոգի կարող է գոյատևել միայն այն էլ մի նախապայմանով, որ օրեր անց նրանցից մեկը կլքի խուցը դիակի տեսքով, բայց հիմա ես՝ որպես խցի դերակատար ու բնակիչ, զգում էի տասնյակների ընկերակցությունը, կամ միգուցե թվում էր տասնյակների, միայն զարմանալիորեն նրանք բոլորը նույնն էին, նրանք մի պատից մյուսն էին շարժվում միաժամանակ, դիպչում պատին, հարվածում գլուխներն ու արնաշաղախ փարվում հատակին գրեթե կամ ոչ գրեթե միասին: Այդ բոլոր քսան աչքերն ինձ ուղղվում էին երկարատև դադարից հետո պատահականորեն նույն պահին, ու նրանց բոլորի դիտումները տևում էին հավասարապես: Բոլոր այդ մարմինները պատված, փաթաթված էին սպիտակ սավաններով: Անժամանակ ընդմիջումներով հաճախ էին սենյակ ներխուժում ասեղի այդ սայրը, դեղի սրվակը, ու ամեն անգամ ինձ թվում էր, թե նրանք երկնքում ճախրելով հատուկ նշանակետով մոտենում էին ձեռքիս երակներին, դանդաղորեն ու խաբուսիկ նրբությամբ հպվում կանաչին տվող, բայց երբեք իր սահմանները կոնկրետ չնշմարող երակներիս ու անսպասելիորեն կորցնելով խղճահարության հերթական կաթիլը՝ սուր ծակոցով հայտնվում երակիս, ապա մարմնիս, իմ մեջ, իսկ ասեղը տեղում հալվում, ծորում, ձուլվում էր մաշկիս: Ամեն վարկյան ինձ թվում էր, թե ինչպես երազում ես կմոտենամ անդնդին, առաջ կպարզեմ մի, ապա մյուս ոտքս, կճախրեմ երկնքում ու հատակին բախվելու պահին կարթնանամ ու նորից կհայտնվեմ կաթնագույն պատերով ու գեղեցիկ հարդարանքով իմ սենյակում, բայց այդ երազն ինչպես երբեք այդպես էլ չայցելեց ինձ:
Ես հոգեբուժարանում էի...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել