Times.am-ը գրում է.
 ԱՄՆ-ում հարցված ընտրողների շուրջ մեկ երրորդը կամ 36 տոկոսը կարծում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը պետության վատ ղեկավար կլինի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Թրամփի աշխատանքի առաջին շաբաթվա արդյունքների վերաբերյալ Քվինիփեկյան համալսարանի (Քոննեքթիքութի նահանգ) Quinnipiac University Poll հարցումների ազգային կենտրոնի հետազոտության հրապարակված նյութերում:

«Թրամփը գերազանց նախագահ կլինի, կարծում է ընտրողների 18 տոկոսը, 25 տոկոսն այն կարծիքին է, որ նա լավ նախագահ կլինի, 16 տոկոսը նշել է, որ նա այնքան էլ լավ նախագահ չի լինի, եւ 36 տոկոսը համարել է, որ Թրամփի վատ նախագահ կլինի»,- ասված է հարցման նյութերում:

Դրա հետ մեկտեղ հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 53 տոկոսը «լավատեսորեն» է տրամադրված Թրամփի չորսամյա նախագահության հարցում: 50 տոկոսը գտնում է, որ Թրամփը նախկին նախագահ Բարաք Օբամայից վատը կլինի, 37 տոկոսը համարել է, որ Թրամփն ավելի լավը կլինի, քան Օբաման:

Քվինիփեքյան համալսարանի անկախ հարցումը (Quinnipiac University Poll) Կոլորադոյի, Քոննեքթիքութի, Ֆլորիդայի, Այովայի, Նյու Ջերսիի, Նյու Յորքի, Օհայոյի, Փենսիլվանիայի, Վիրջինիայի նահանգների եւ ամբողջ երկրի բնակիչների կանոնավոր տվյալներ է ներկայացնում քաղաքական մրցարշավների, համերկրային եւ ազգային ընտրությունների, ինչպես նաեւ կրթության, հարկերի, տրանսպորտի, մունիցիպալ ծառայությունների աշխատանքի եւ շրջակա միջավայրի բնագավառում սոցիալական հարցերի վերաբերյալ: Քվինիփեքյան համալսարանի հարցման տվյալներն օգտագործում են այնպիսի հրատարակություններ, ինչպիսիք են՝ The New York Times-ը, The Washington Post-ը, USA Today-ը, The Wall Street Journal-ը եւ հեռուստաալիքները, ասված է հարցման կենտրոնի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել