Ասել՝ մշակույթը ինչ է, իհարկե սխալ կլինի, այն յուրաքանչյուրը տարբեր կերպ կարող է պատկերացնել: Որպես մշակույթ կարելի է պատկերացնել այն ամենը, ինչը կա մեր շրջապատում, իսկ մարդը դրանց կրողն է: Ինչու՞ ամեն ինչ: Քանի որ յուրաքանչյուր իր կամ երևույթ ուղղակի ազդեցություն ունի մեզ վրա և ուղղակի արգասիքն է այն ամենի, ինչը ստեղծում կամ երևակայում ենք:
Սրանից զատ, յուրաքանչյուր ազգ ունի իր մշակութային առանձնահատկությունը: Հենց այս առանձնահատկություններով ենք կարողանում տարբերակել ազգերն իրարից և համեմատականներ անցկացնել: Հասկանալով, որ ազգերը ինչ-որ չափով փոխազդեցություններ են ունենում միմյանց վրա (այսօր արդեն մեծ է դրանց դերը՝ հաշվի հառնելով համացանցը), խնդիր է առաջանում ազգային պատկանելության, սեփական մշակույթի պահպանության և այլ հարցերի: Հարկ է հիշել, որ այդ փոխազդեցությունները կարող են լինել դրական՝ երբ քո մշակույթին է ավելանում որևէ նոր բան, և բացասական՝ երբ քո մշակույթին է ավելանում որևէ նոր բան, որը ճնշողական և սանիտարի դեր է կատարում: 
Չնայած մշակույթը «update» անելու գործում կարևոր է չափի զգացումն ու զուտ մշակութային ինտուիցիան, որովհետև վերջիվերջո ցանկացած մշակույթ վաղեմության ժամկետ ունի: Այո, պետք է զգույշ վերաբերվել մշակույթին: Եթե անզգույշ լինենք, ապա հեշտությամբ կարող ենք կորցնել և ձուլվել այլ մշակույթի, բայց պետք էլ չէ վախենալ ու նրան պաշտպանել այնպես, ինչպես խանդոտ ծնողն իր երեխային է «պաշտպանում» մեծանալուց: Մշակույթի զարգացման գործում կարևոր դեր ունի այն հասարակության գիտակցական մակարդակը, որը կրողն է և պատասխանատուն իր մշակույթի: Եվ հասարակությունը պետք է պաշտպանի իր մշակույթը և զարգացնի այն, այլ ոչ թե որոշ հաստագլուխ չինովնիկներ մի քանի ամերիկյան դոլարների օգնությամբ: 
Սեփական մշակույթը պետք է թանկ գնահատել, ինչպես սեփական անձը կամ հենց քո ծնողին: Մշակույթը հնարավոր չէ վաճառել կամ փոխանակել մեկ այլ մշակույթի հետ: Այն քոնն է, և ԴՈՒ պետք է պաշտպանես, զարգացնես և ի ցույց դնես այն աշխարհին՝ իր լավ և վատ կողմերով: Պետք է քննադատի հայացքով նայել սեփական մշակույթին և ինչպես Թումանյանն էր քննադատում, այնպես էլ դու պետք է անես: Եվ իզուր են գրողները գանգատվում, թե մեր գրվածքները չեն կարդում, իզուր են հոգևորականները լաց լինում, թե մեզ չեն հարգում, իզուր է մամուլը հասարակությանը հանդիմանում, թե բաժանորդ չեն գրվում։ Չեն կարդում և չեն կարդալու, քանի որ դուք «աղքատիկ» եք, չեն հարգել և չեն հարգելու, որովհետև դուք «ընկած եք», բաժանորդ չեն գրվում և չեն գրվի, որովհետև դուք «կեղտոտ» եք։
Եվ շատ լավ են անում։ Դեռ կարիք կա ավելի խիստ լինելու, մինչև որ զգան և խոր զգան ու զգաստանան:
Պետք է հիշել, որ մշակույթ ասվածը հենց ազգի հայելին է, ազգի անձնագիրը, որով մենք ներկայանում ենք աշխարհին և առանձնանում մյուս ազգերից՝ մեր ուրույն տեղը և դիրքը զբաղեցնելով համաշխարհային թատերաբեմում՝ հաճախ հանդիսատես և հաճախ դերասան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել