Ընթերցվածք` Եբր. 1.1-14

Նախորդ օրվա խորհրդի` Դատավորի կիրակիի լույսի ներքո հրավիրում ենք խորհրդածելու մեր Տիրոջ երեք պատգամների շուրջ: Հիմնական նյութն աղոթքն է, թե ինչպես քրիստոնյաներս պետք է անդադար և անձանձիր լինենք մեր աղոթական կյանքում: «Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են. և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի: Այո´, ասում եմ ձեզ, նրանց իսկույն արդարություն կանի...» (Ղուկ. 18.7-8): Մեր աղոթքների պտուղն արդարությունն է, որը մարդկային մեր ընկալման և մեր մարմնական ու նյութական կարիքներից ու ցանկություններից բխող արդարությունը չէ, այլ` Աստծու արդարությունը մեր անձերի և կյանքի նկատմամբ: 
Երկրորդ հրավերը` մաքսավորի աղոթքն է. «Աստվա´ծ, ների´ր ինձ` մեղավորիս» (Ղուկ. 18.13): Աստված գիտի մեր հոգսերն ու կարիքները, սակայն մեզանից ակնկալում է մեր ապրած կյանքի ճանապարհին գործած մեղքերի գիտակցումը, որպեսզի աղոթքի մեջ չլինենք շատախոս և հպարտ` փարիսեցու պես, այլ նմանվենք մեղավոր մաքսավորին, ով գիտեր, թե ի´նչ է անհրաժեշտ իրեն Աստծուց` թողություն հանցանքների և ողորմություն: Այս նկատառումով է, որ պիտի ընկալենք Տիրոջ հետևյալ խոսքի ճշմարտությունը. «Ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Ղուկ. 18.14): 
Երրորդ հորդորը` մեզ մանուկներին նմանվելն է, որովհետև «այդպիսիներինն է Աստծու արքայությունը» (Ղուկ. 18.16): Յուրաքանչյուրս գիտի, թե ինչպիսի´ն է մանուկն իր աշխարհընկալման մեջ, իր պարզությամբ, միամտությամբ և անկեղծությամբ: Մեր Տեր Հիսուս Քրիստոս մաղթում է, որ հավատի և ճշմարիտ քրիստոնեական կյանքի ընկալումներում լինենք մանուկների նման պարզսիրտ, քանզի «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ Աստծու արքայությունը չընդունի ինչպես մի մանուկ, այնտեղ չի մտնի» (Ղուկ. 18.17):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել