Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ 2008թ-ի վրաց-ռուսական կարճատև ընդհարումը երկար տարիներ է՝ խնդրի առջև է կանգնեցրել հատկապես Ռուսաստանից դեպի Հայաստան և հակառակը բեռնափոխադրմամբ զբաղվող անձանց ու կազմակերպություններին: Հայտնի է, նաև որ բեռների մեծ մասն անցնում է Դարիալի կիրճով և Լարսի անցակետով: Աշխարհագրական անբարենպաստ դիրքի պատճառով նշված հատվածում հաճախակի տեղի ունեցող հատկապես անակնկալ բնական աղետները՝ ջրհեղեղներ, փլուզումներ և այլն, մեծ վնասներ են հասցնում թե՛ սովորական այցելուներին և թե՛ բեռնափոխադրող սուբյեկտներին, որոնք երբեմն ստիպված են լինում օրերով սպասել ճանապարհի վերականգնմանը:
Նշվածի բազմաթիվ փաստեր կան, բացառություն չեն նաև վերջին տարիները:
Մյուս կողմից՝ Հայաստանի պարագայում գնալով արտահանման ծավալներն աճում են, իսկ ցամաքային բեռնափոխադրումների մատչելիության պայմաններում այդ տեմպը կարելի է զարգացնել, հասնել ավելի դրական արդյունքերի: Սակայն նշվածի համար անհրաժեշտ է ստեղծել այլընտրանքային ուղիներ, իսկ դրան հասնելու համար՝ անընդհատ «բզել» վրացական և ռուսական կողմերին:
Խնդիրն այն չէ, որ վրացական կողմը դեմ է այլընտրանքին: Իհարկե, իրենք ևս շահագրգռված են, որպեսզի իրենք և իրենց ապրանքները անարգել մուտք գործեն ռուսական տարածք, պարզապես բոլորին հայտնի քաղաքական խնդիրները մշտապես հետ են մղում այլընտրանքային ճանապարհի բացման հնարավորությունը:
Բայց ոնց որ սայլը տեղից ուզում են շարժել, հայկական կողմը պատրաստվում է համապատասխան քննարկումներ ծավալել վրացական և ռուսական կողմերի հետ, այս անգամ խոստանում են ավելի վճռական լինել:
Իսկ որպես Լարսին այլընտրանք կամ այդ ուղղությունը բեռնաթափելու տարբերակ կարելի է դիտել Աբխազական երկաթուղու վերագործարկումը, հարավօսական ուղղության վերաբացումը, ապա նաև՝ ավարա-կախեթական ճանապարհը, որի ուղղությամբ, ի դեպ, ռուսական կողմն իր հատվածում որոշակի աշխատանքներ արդեն իսկ իրականացրել է: Վերջինի դեպքում, իհարկե, Վրաստանում անհանգստություն կա, որ այդ ճանապարհի վերաբացումն առավել ձեռնտու է ռուսներին՝ որպես ռազմավարական հենակետային ուղղություն, թեև վերջին տարիներին, որոշակիորեն թուլացել է այդ մտավախությունը, նույնիսկ Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Իմերլիշվիլին կարծիք է հայտնել, որ ավարա-կախեթական ճանապարհը միակ վտանգավոր ուղղությունը չէ, և եթե Մոսկվան փորձի հարձակում գործի Վրաստանի ուղղությամբ, ապա կարող է անել դա մյուս ուղղություններից ևս:
Այնպես որ, անհրաժեշտ է երկխոսել հատկապես վրացական կողմի հետ, թերևս հանդիսանալ նախաձեռնող նաև միջնորդ կողմ, որպեսզի, ի վերջո, այդքան չարչրկված Լարսի հարցը դառնա երկրորդական, և՛ հայկական, և՛ ռուսական շուկաներն ավելի անխափան կապված լինեն միմյանց հետ:
Հավելենք նաև, որ 2016թ.-ի տվյալներով՝ Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության ծավալներն ավելացել են, իսկ Ռուսաստանն արդեն իսկ հանդիսանում է Վրաստանի ամենախոշոր առևտրային երեք գործընկերներից մեկը: Նշվածը խոսում է այն մասին, որ ռուս-վրացական լարված քաղաքական հարաբերությունները, գնալով թուլացնում են իրենց բացասական ազդեցությունն այդ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման վրա: Ուստի գործել է պետք: