Մուրացկանությունը ամբողջ աշխարհում տարածված երևույթ է, և ես գիտեմ, որ դրա դեմ պայքարելն այնքան էլ հեշտ չէ: Հեշտ չէ, որովհետև բոլորս գիտենք, որ մուրացիկներն ունեն շատ ազդեցիկ ղեկավարներ, ովքեր կարողանում են փակել ոստիկանների և քաղաքապետարանի աչքերն ու բերանը: Հարգելի պատկան մարմիններ, չտեսնել էլ կա, չտեսնել՝ էլ: Մարդ էլ չի ուզում Երևանի մետրոյից օգտվել: Ամեն վայրկյան մեկը թևից կախված օգնություն է խնդրում:
Հա, լավ, օգնենք, բայց քանի անգամ է եղել՝ գումար եմ տվել, մեկ էլ մի քանի րոպեից նույն պապիկը եկել ու նորից սկսել է հագուստս քաշքշել:
Վերջերս մի շատ զզվելի դեպք եղավ: Նստել եմ մետրո, ու այդ փող հավաքող պապիկներից մեկը վագոնով երեք անգամ ծայրից ծայր մարդկանցից փող պոկելուց հետո նստեց՝ հանգստանա, նայեց կողքերը, ու երբ տեսավ, որ ոչ ոք իրեն չի նայում, բացեց վերարկուն, տակից մեկ ուրիշը, հետո էլի ու էլի, մի խոսքով՝ շորերի բազմաթիվ շերտերի տակից հանեց շատ լավ վիճակում գտնվող, ամբողջովին նոր ու ոչ էժան կաշվե դրամապանակ, գրպանից հանեց հավաքած գումարը, թղթադրամներով ու 200-անոց կոպեկներով հաշվեց 6000 դրամ, դրեց դրամապանակը: Մնացած մանրը՝ 10 և 20 դրամանոցները նորից լցրեց վերարկուի գրպանը, մի քանիսն էլ՝ ձեռքի մեջ ու նորից սկսվեց վագոնում շրջայցը: Դե արի ու մյուս անգամ այս շանտաժիստ շառլատաններին գումար տուր:
Կոնկրետ այս պահին այդ պապիկները երկուսն են՝ մեկը, ով իբրև ծամոններ է վաճառում, բայց իրականում տանում, այդ ծամոնները զոռով դնում է մարդկանց գիրկն ու սկսում՝ «մի բանով օգնեք․․․ Էս մի ծամոնը․․․ Օգնեք, օգնեեեեք»: Մյուս պապիկն էլ, ում մասին վերևում պատմեցի, ամառ-ձմեռ նույն պատրվակով, թե «ես հո միշտ մուրացկանություն չեմ անում, հեսա օրերը տաքանան, կնվագեմ, պատվով իմ փողը կվաստակեմ» ասելով այնքան է մարդու կողքը կանգնում, թևից քաշում, նստում կողքը, որ պրծնելու համար ստիպված մի բան տալիս ես, մենակ թե հանգիստ թողնի:
Այսպես չի կարելի, զբաղվեք այդ մարդկանց հարցերով: Ինչքա՞ն կարելի է: Երևանի մետրոյում անմխիթար ու անտեր վիճակ է: