Մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Միջագետք էին ներթափանցել

ՍԱՐԳՈՆ ԱՔԱԴԱՑԻ

սեմական ցեղեր: Շումերական Քիշ քաղաքում իշխանությունը զավթում է սեմական ծագում ունեցող Սարգոն Աքադացին: Այդ ժամանակաշրջանում ողջ Շումերն իր իշխանության ներքո էր միավորել Ուրուկի 3-րդ դինաստիայի արքա Լուգալզիգեսին: Հալածվելով ու փախուստի մատնվելով Լուգալզիգեսից՝ Սարգոնը հաստատվում է մինչ այդ աննշան Աքքադ քաղաքում, վերափոխում է զորքը և պատերազմ է սկսում  շումերական քաղաքների դեմ: Սարգոն Առաջին Աքադացին (մ.թ.ա. 2316-2261), տալով 34 ճակատամարտ, նվաճում է Շումերն ու կենտրոնական Միջագետքը՝ ստեղծելով պատմությանը հայտնի առաջին բռնապետությունը:
      Սարգոնի օրոք հզորացած Աքադը գրեթե անընդհատ նվաճումների փուլ է թևակոխում և սկսում սպառնալ իր բոլոր հարևաններին, այդ թվում նաև Հայկական լեռնաշխարհի պետական կազմավորումներին: Սարգոն Աքադացին, իր կառավարման տասնմեկերորդ տարում նվաճելով Եփրատից արևմուտք գտնվող երկրները՝ «Մարին, Յարմուտին և Էբլան», հասել էր մինչև Մայրիների և Արծաթի լեռները՝ Հայկական լեռնաշխարհի հարավային մատույցները:
      Աքադական սպառնալիքներն այնքան իրական էին, որ այստեղ չէին կարող չդիմել համարժեք քայլերի: Հզոր ախոյանի «ախորժակը» զսպելու համար համախմբվում են գրեթե բոլոր պետական կազմավորումները, որոնք գտնվում էին Հայկական լեռնաշխարհում: Բռնապետի դեմ պայքարը գլխավորում էր Սուբուր կամ Արման երկիրը, որը օր օրի իրական դարձող ներխուժման դեպքում առավել հավանական թիրախներից էր լինելու:
     Որտե՞ղ կարող էր նպատակահարմար վճռական գոտեմարտի բռնվել հակառակորդի հետ:  Հավանական էին երկու տարբերակ.
     -Հակառակորդին ներքաշել դեպի լեռնաշխարհի խորքերը և լեռնային հյուծիչ մարտերում թուլացնել հակառակորդի ուժերը:
  -Ներխուժել Աքադի տերության սահմանները և մարտական գործողությունները վարել հակառակորդի տարածքում:

    Առաջին տարբերակն առավել անվտանգ էր, քանի որ Աքադի բանակը, որը լեռնային տեղանքներում մարտական գործողությունների վարման և, հատկապես, լեռնային ամրությունների գրավման մեջ փորձ ու միջոցներ չուներ, չէր ունենա հաղթելու մեծ հավանականություն: 
     Երկրորդ տարբերակի իրականացումը կապված էր մի շարք դժվարությունների հետ, որոնցից ամենամեծը հակառակորդի տարածքում (հիմնականում հարթավայրային տեղանք ունեցող Միջագետքում)  մարտական գործողությունների վարման անսովոր լինելն էր: Սակայն այս տարբերակի իրականացման դեպքում Արմանի զորքերին օբյեկտիվորեն նպաստելու էին նվաճված տարածքների բնակչության տրամադրվածությունները, որոնք աքադական իշխանություններից դժգոհ լինելով՝ լեռնցիներին ընդունելու էին որպես իրենց ազատարարների: Հիմանկանում այս նկատառումներով առաջնորդվելով էին տարածաշրջանային գերտերության դեմ պայքարում ելնում Արման երկրի (Աքադական աղբյորներում երկրանունը վկայված է «Արմանում» տարբերակով: Տեղանվան վերջին -ում- մասնիկը աքադերենի ուղղագրական հոլովի վերջավորությունն է: Բուն երկրանունն է «Արման», որը խեթական բնագրերում հիշատակվում է «Արմանի» տարբերակով. սրանք Հայաստանի «Արմենիա» անվան հնագույն անվանումներն էին) և նրա շուրջը համախմբված ցեղապետությունների զորքերը:
    Արշավանքը սկսվում է Սարգոնի տիրապետության վերջին տարիներին: Ընդ որում, եթե մյուս դեպքերում արշավողը Սարգոնն էր, ապա այս դեպքում պատերազմը սկսողը Արման երկիրն է: Մեզ հասած բնագրերում նշվում է, որ պատերազմն ավարտվել է Աքադի հաղթանակով, ինչը, սակայն, խիստ կասկածելի է, քանի որ Սարգոնի թոռ Նարամ-Սուենը նույն Սուբուր-Արմանը ներկայացնում է իբրև մի  երկիր, որը «երբևէ մարդկային արարումից ի վեր, ոչ մի թագավոր չի նվաճել»:
     Անհնար է, հսկայածավալ տերություն ստեղծած տիրակալի թոռն այդքան անտեղյակ լիներ իր իսկ պապի արշավանքների մասին, որ նրա կատարած «մեծագործությունները» նսեմացնող այդպիսի արտահայտություն թույլ չէր տա: Առավել անտրամաբանական կլիներ կարծել, թե Նարամ-Սուենը որոշել է նորից գրավել իրեն պատկանող տարածքները և տեղյակ չէր եղել այն մասին, թե այդ բոլոր հողերը արդեն իսկ նվաճվել ու իրեն են ժառանգվել:
     Հայտնի է, որ Սարգոնի իշխանության վերջին շրջանում նվաճված երկրներում ծագում են ապստամբություններ, ինչը, մեծագույն հավանականությամբ, կապված էր Սուբուր-Արմանի արշավանքի և պատերազմում Աքադի կրած պարտությունների հետ: Բացառված չէ, որ արշավանքը սկսելիս, Արմանի զորքերը Աքադի հյուսիսային տիրույթների բնակչության հետ ինչ-որ կերպ կապ հաստատած և համատեղ գործողությունների պայմանավորվածություններ ձեռք բերեր:
     Ընդհանուր հաղթանակի կերտման գործում ապստամբները, օգտվելով հյուսիսային ճակատում Արմանի զորքերից Աքադի բանակի կրած պարտություններից, մի շարք հաջողությունների է հասնում: Նրանք նույնիսկ պաշարում են Աքադի տերության նույնանուն մայրաքաղաքը: 
    Սարգոնի իշխանության ողջ ժամանակաշրջանն անցել էր բռնարարքներով՝ նրա դեմ բարձրացած ապստամբությունների պայմաններում, որոնք դաժանորեն ճնշվում էին. թերևս դա է հիմնական պատճառներից մեկը, որ ուշ շրջանի բնագրերում նրա վախճանը համարվել է սրբապղծության հետևանք:
    Մինչև օրս պատմությանը հայտնի առաջին բռնակալության հիմնադիր Սարգոն Աքադացին, որը ստեղծել էր աշխարհում առաջին մշտական բանակը, իր տերության սահմանները հասցնում է Հայկական Լեռնաշխարհի հարավային փեշերը,սակայն չի կարողանում նվաճել այն: Փոխարենը, Հայկական Լեռնաշխարհից դեպի այլ երկիր մեր նախնյաց արշավանքը պատճառ և ազդանշան է դառնում բռնակալից նվաճված երկրներում ազատագրական պայքարի:
    Աքադի դեմ Արման երկրի և դաշնակիցների արշավանքները Հայկական լեռնաշխարհի սահմաններից դուրս իրականացված առաջին հաղթարշավն էր, ինչի մասին մեզ են ապացուցում գրավոր հիշատակությունները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել