ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հայտարարությանը, թե Հայաստանում բանանի մենաշնորհի խնդիր չկա:
Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով բանանի մենաշնորհի մասին ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, մասնավորապես հաղորդել էր, որ «2016թ. ընթացքում բանանի ներկրում է իրականացրել 48 կազմակերպություն և անհատ»:
«Անկեղծ ասած՝ շատ ուրախացա, և ուզում եմ ՊԵԿ անկեղծությանն ի պատասխան մի բարի լուր էլ ես հայտնել: Հայաստանում շաքարի մենաշնորհի խնդիր չկա, որովհետև պաշտոնական տվյալներով Հայաստան շաքարավազ է ներկրում շուրջ 36 ընկերություն: Ինչ վերաբերում է բանանի շուկայի հետ կապված համատեղ քննություն իրականացնելու ինձ ուղղված ՊԵԿ առաջարկին, այն համարում եմ իսկապես կառուցողական քայլ և վաղը կզանգահարեմ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին՝ համատեղ քննության մեխանիզմները քննարկելու համար», - Facebook-ի իր էջում գրել է Ն. Փաշինյանը։
Ավելի վաղ ՊԵԿ-ը հայտարարել էր, որ Կոմիտեն բաց է ցանկացած համագործակցության համար ու շարունակելու է հետևել բանանի և այլ ապրանքների ներկրման գործընթացի բնականոն պայմանների պահպանմանն ու կանխել ի հայտ եկած խոչընդոտները:
Նիկոլ Փաշինյանը «Ելք» դաշինքի համագումարում հայտարարել էր, որ եթե ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին չորս-հինգ ամիս է չի հաջողվում կոտրել բանանի մենաշնորհը, ապա «Ելք» դաշինքին դրա համար անհրաժեշտ է լինելու ընդամենը 47 րոպե:
Նյութի աղբյուր՝ http://www.aysor.am/am/news/2017/01/23/%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%AF%D6%80%D6%84%D5%A5%D6%80/1199706
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



