Ցանկացած պետության զարգացման և հավասարության գլխավոր արգելակը կոռուպցիան է, որը կազմալուծում է հաստատություններն ու նպաստում անկայունությանը: Մոլեգնող կոռուպցիան վանում է օտարերկրյա ներդրումները, իսկ այդ պայմաններում գործարարությունը չի կարող բարգավաճել, ինչը հանգեցնում է տնտեսական զարգացման գրեթե բացակայության: Կոռուպցիան ազդում է հասարակության բոլոր մակարդակների վրա` կառավարությունից մինչև միջին վիճակագրական քաղաքացի:
Օրերս գործադիրի ղեկավարի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Օրակարգային առաջին հարցով խորհուրդն անդրադարձել է Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում վարչական կոռուպցիայի հաղթահարման խնդիրներին:
Գործադիրի ղեկավարը կոռուպցիայի դեմ պայքարում կարևորել է քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը, հետադարձ կապի ապահովումն ու հանրային վերահսկողության բարձրացումը:
Քննարկման ժամանակ ներկայացվել է նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրող իրավունքների պաշտպանության հարցը: Կարող ենք փաստել, որ կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ ազդարարող անձանց դերը կոռուպցիայի կանխարգելման և հայտնաբերման գործում չափազանց կարևորվել է:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը խորհրդին է ներկայացրել հանրային ծառայության ոլորտում շահերի բախման և գույքի ու եկամուտների հայտարարագրման հետ կապված խնդիրները, որոնք վերաբերել են շահերի բախման եզրույթի սահմանմանը, գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց ցանկի ընդլայնմանը, օրենսդրական կարգավորումներին, շահերի բախումը վերահսկող կառույցների գործունեությանը, այդ ուղղությամբ առկա բացերին:
Կառավարության ղեկավարի հանձնարարությամբ համապատասխան գերատեսչությւոնները կառավարությանը պետք է ներկայացնել հանրային ծառայողների շահերի բախման կարգավորման և հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց ցանկի ընդլայնման վերաբերյալ օրենսդրական փաթեթ:
Այնուհետև խորհրդին են ներկայացվել բիզնես ոլորտում առաջարկվող հակակոռուպցիոն համակարգային բարեփոխումների առաջարկներ: Դրանք վերաբերել են գործարար շահերի պաշտպանի ինստիտուտի ներդրմանը, բիզնես ոլորտի հետ գործունեություն ծավալող իրավազանց պաշտոնատար անձանց նկատմամբ ծառայողական քննությունների անցկացմանը, պատասխանատվության միջոցների կիրառմանը և այլն: Պետք է նշել, որ չափազանց կարևորում է բիզնես միջավայրում հավասար, արդար և թափանցիկ դաշտի ձևավորումը:
Կոռուպցիան նման է մի հանցագործի, ով կողոպտում և արգելակում է տնտեսական և սոցիալական զարգացումը՝ շարքային մարդկանցից գողանալով զարգանալու և բարգավաճելու հնարավորությունները: