«Ֆիթչ» միջազգային վարկանշային ընկերության կանխատեսումները 2017-ի ՀՀ տնտեսական աճի վերաբերյալ լավատեսական են: Այս տարի վարկանիշային ընկերությունն ակնկալում է 2,1 տոկոս տնտեսական աճ։ «Ֆիթչի» փորձագետների գնահատումներով 2016 թվականի համար Հայաստանում ՀՆԱ աճը կկազմի 0.8%:
«Ֆիթչի» փորձագետները կանխատեսում են, որ իրավիճակը առաջիկա երկու տարում աստիճանաբար կփոխվի՝ հանգեցնելով տնտեսական ցուցանիշների բարելավման։ Ակնկալվող 2.1 տոկոս տնտեսական աճը «Ֆիթչի» մասնագետները կապում են առաջին հերթին Ռուսաստանի տնտեսության հետ։
Չմոռանանք, որ երկու տարվա անընդմեջ անկումից հետո 2017թ. միջազգային ֆինանսական կազմակերպությունները ՌԴ-ում տնտեսական աճ են կանխատեսում։ Ակնկալվող տնտեսական աճին կօգնի նաև հումքային ապրանքների գների բարձրացումը։ Խոսքը, բնականաբար, պղնձի մասին է, որից մեծ է Հայաստանի տնտեսության և բյուջետային հատվածի կախվածությունը։ Պղնձի գները միջազգային շուկաներում արդեն իսկ զգալիորեն բարձրացել են։ Կանխատեսվում է, որ այդ միտումը կշարունակվի պահպանվել նաև առաջիկայում։
«Ֆիթչի» փորձագետների գնահատումներով՝ անհանգստացնող է բյուջեի դեֆիցիտը։ Այս տարի կառավարությունը խնդիր ունի այն վերադարձնելու նախընտրելի միջակայք, որը նախատեսվում է անել բյուջետային ծախսերի սահմանափակման միջոցով։ Որքան էլ դա դրական գործոն է երկրի ֆինանսական կայունության համար, այնուհանդերձ բացասական ազդեցություն է ունենում տնտեսության ակտիվության վրա։
Ներքին տնտեսական միջավայրում «Ֆիթչի» փորձագետները կայունության ապահովման համար դրական գործոն են համարվում ֆինանսական շուկայում իրականացվող դրամավարկային քաղաքականությունը։ Դրան նպաստում է պետական պարտքի երկար ժամկետայնությունը։