Երեկ Դավիթ Հարությունյանը կառավարության նիստին վարչապետին ներկայացրեց գերատեսչությունների կողմից կատարված աշխատանքները, որոնք իրականացվել են Կարեն Կարապետյանի կոնկրետ հանձնարարականներից ելնելով:
Դավիթ Հարությունյանն անդրադարձել է հանրային հետաքրքրություն ներկայացնող այնպիսի կարեւոր որոշման, ինչպիսին է մեկ միասնական պատուհանի ներդրման համակարգը: Այսօր արդեն գործում է 4 օպերատոր՝ «Հայփոստ», «Արդշին բանկ», «Ամերիա բանկ», «Կոնվերս բանկ»: Դրանց միջոցով քաղաքացիները կարող են ստանալ հետեւյալ ծառայությունները՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցում, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, անշարժ գույքի պետական միասնական կադաստրին առնչվող տարբեր տեղեկատվություններ:
Բացի այդ՝ քաղաքացիները կարող են ձեռք բերել նաեւ որոշ փաստատթղթեր, որոնք նախկինում ստանում էին ոստիկանությունից կամ ԱԳՆ-ից: Ավելին՝ այս հանձնարարականը չի կարելի համարել վերջնական կատարված, որովհետև 2-3 շաբաթը մեկ Արդարադատության նախարարությունն առաջարկում է ընդլայնել ծառայությունների ցանկը: Այս համակարգը թույլ է տալիս քաղաքացիներին զերծ մնալ ավելորդ քաշքշուքներից եւ ժամանակ տնտեսել: Ի դեպ՝ այն առավել հարմար է մարզերի բնակիչների համար:
Երեկ վարչապետին զեկուցվեց նաեւ այն մասին, որ ԴԱՀԿ ծառայությունը պարտապանին կարճ հաղորդագրություններ է ուղարկում գույքի վրա արգելանք դնելու մասին: Նախկինում, ինչպես հիշում ենք, քաղաքացուն այս մասին ծանուցելու տարբերակներից մեկը փոստն էր: Այստեղ, սակայն, խնդիրներ էին առաջանում. միշտ չէր, երբ փոստատարին հաջողվում էր տանը բռնացնել քաղաքացուն: Ի դեպ՝ որոշում է կայացվել նաեւ, որ դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում անձը կատարողական գործողությունների արդյունքում չզրկվի իր միակ կացարանից: