No automatic alt text available.Հարգելի պարոն Մարգարյան,

Բազմիցս գրելով Ձեր ֆեյսբուքյան էջին՝ որոշեցի այս անգամ բաց հրապարակել նամակս՝ հույս ունենալով արձագանք ստանալ: 3 տարի առաջ ես և մի քանի հայ մայրիկներ հիմնեցինք «Բարի մամա» հասարակական կազմակերպությունը: Այսօր մեր թիվը գերազանցում է 6500-ը:

Չխնայելով ոչինչ՝ մենք տալիս ենք մանկատան և լքված հաշմանդամ երեխաներին սեր, ջերմություն, փորձում փոխել նրանց միապաղաղ առօրյան և երջանիկ դարձնել նրանց: Իսկ ամենակարևորը, որ մենք անում ենք՝ վերադարձնում ենք նրանց ընտանիք կամ կանխում հաշմանդամության պատճառով լքելու դեպքերը: Ունենք 80-ից ավելի հաջողված դեպքեր, մեծ սիրով կներկայացնեմ դրանց մանրամասները հանդիպման ժամանակ: Սակայն անցնեմ բուն թեմային:

Ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան անգամ երեխաների մասին չմոռանալով՝ մենք ստեղծել ենք մեր ներառական կենտրոնը՝ «Բարի տնակը», որը թույլ էր տալիս մանկատան և հաշմանդամություն ունեցող երեխաներին ինտեգրել հասարակության մեջ՝ դարձնելով դրա անբաժան մասը և թույլ տալով դուրս գալ իրենց 4 պատերից, ձեռք բերել նոր ընկերներ: Այդ ամենը մենք արել ենք բարի մարդկանց ջանքերով և մեր ՀԿ անդամ մայրիկների ձեռքերով: Տնակը պահպանում էր իր գոյությունը հավաքված հանգանակություններից, քանի որ գտնվում էր Երևանի մոլերից մեկում: Սակայն տարածքը հանձնեցին այլ վարձակալի: Տեղափոխվեցինք մեկ այլ վայր, որի տարածքը ևս 2 ամիս անց հանձնեցին վարձակալության:

Պատկերացրեք, թե ինչ ցավալի է, երբ ամեն մի մանրուք քո ձեռքով ես պատրաստել, սակայն ստիպված ես քանդել ու սրտիցդ պոկել այդ ամենը:

Մենք գիտենք, որ մանկատան երեխաները ապահովված են ամեն ինչով: Սակայն նրանք մշտապես ունեն սիրո, ջերմության, շփման և ընկերների կարիք: Իսկ այդ ամենը մենք նրանց տալիս էինք առանց որևէ ակնկալիքի: Չէ՞ որ մայրն իր երեխայից երբեք ոչինչ չի ակնկալում:

Պարոն Մարգարյան, մենք երբեք չենք խնդրել ոչ մի աջակցություն պետությունից, քանի որ միշտ կարողացել ենք լուծել նույնիսկ ամենաբարդ թվացող հարցերն ինքնուրույն: Բայց այսօր բախվել ենք այս մեծ խնդրին ու ակնկալում ենք ձեր աջակցությունը:

Մենք համոզված ենք, որ լինելով ՀԱՅ և լինելով ՀԱՅՐ՝ դուք չեք կարողանա անտարբեր անցնել այս հարցի կողքով:

«Բարի տնակին» անհրաժեշտ է 150-200 մ2 տարածք (այգի կամ հող և շինություն), որտեղ մեր կամավորները կկարողանան իրականացնել մանկատան երեխաներին անհրաժեշտ թերապիաներ և կազմակերպել նրանց ժամանցը: Մենք նույնիսկ պատրաստ ենք զարգացնել մեր այս գաղափարը՝ դարձնելով այն նաև ներառական մանկապարտեզ: Տարածքը հարկավոր է Երևան քաղաքում, ցանկալի է մանկատներին մոտ՝ Նոր Նորքում կամ Հաղթանակի այգու հարևանությամբ:

Մենք պատրաստ ենք սեփական ձեռքերով վերանորոգում իրականացնել, միայն թե տարածքը լինի: Կցում եմ նաև «Բարի տնակի» հղումը (http://www.facebook.com/baritnak)

Խնդրում ենք ձեր աջակցությունը: Այն մեզ օդի և ջրի պես անհրաժեշտ է, որ կարողանանք շարունակել մեր բարի գործը:

Հարգանքով,
Մարինե Ադուլյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել