Armtimes.com-ը գրում է.Շաքարախտով հիվանդ 29-ամյա Հովհաննես Նիկողոսյանի համար բուսաբույժին դիմելը ճակատագրական է եղել. բուսաբույժի կողմից պատրաստվող բուսական թուրմերն ընդունելուց երկու ամիս հետո երիտասարդը մահացել է:
Դեպքը տեղի է ունեցել 2014 թ.: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործը, որի նախաքննությունը տեւել է երկու տարի եւ ավարտվել 1 ամիս առաջ՝ 2016թ. դեկտեմբերին:
Այս մասին երեկ բարձրաձայնեց «ՀԺ» խմբագրություն դիմած տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տաթեւ Սարգսյանը: Նա պատմեց, որ Հովհաննես Նիկողոսյանը, որն ունեցել է թիվ 1 տիպի դիաբետ (շաքարախտ) 2014 թ. հունիսին բուժում ստանալու նպատակով դիմել է բուսաբույժ Ստեփան Բաղդասարյանին։ Վերջինս Հովհաննեսին հավատացրել է, որ նրան կբուժի իր կողմից պատրաստվող բուսական թուրմերով, որոնք բաղկացած են լորենուց, օշինդրից, հազարաթերթիկից, մարիամախոտից, կռոթուկի արմատից եւ այլ բույսերից։ Շուրջ 2 ամիս բուժում ստանալուց հետո Հովհաննես Նիկողոսյանի մոտ հայտնաբերվել է տոքսիկ հեպատիտ (լյարդի թունավոր բորբոքում), եւ նա 2014 թ. հոկտեմբերի 6-ին մահացել է։
29-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ մահ պատճառելը)։ Գործի շրջանակներում բուսաբույժին նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել: Նշանակվել է համալիր դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ մինչեւ բուսաբուժության կենտրոն դիմելը Հովհաննես Նիկողոսյանի մոտ, բացի նախորդ ամիսներին ի հայտ եկած թիվ 1 տիպի շաքարային դիաբետից, այլ հիվանդությունների առկայության վերաբերյալ տվյալներ չեն եղել:
«Լյարդի ախտահարման բնույթը, դրսեւորման ժամկետը եւ հիվանդության հետագա ընթացքը հիմք են տալիս եզրակացնելու, որ վերջինիս լյարդի ախտահարման, հետագա բարդությունների արագացման եւ անբարենպաստ ելքի պատճառ է հանդիսացել բուսաբուժության կենտրոնում կատարված գործողությունների ժամկետում լյարդի ախտահարման բերած արտածին (էկզոգեն) նյութերի կիրառումը՝ խմելու ձեւով: Ինչն էլ տվյալ դեպքում գտնվում է անմիջական պատճառահետեւանքային կապի մեջ Հ. Նիկողոսյանի մոտ լյարդի դիֆուզ տոքսիկ ախտահարման եւ նրա մահվան հետ»,- նշված է դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ:
Մեր հարցին ի պատասխան՝ փաստաբան Տաթեւ Սարգսյանն ասաց, որ քննիչը 2016 թվականի նոյեմբերի 17-ին Ստեփան Բաղդասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է՝ նկատի ունենալով այն հանգամանքը որ տվյալ հանցագործության համար անցել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը։ Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 75 հոդվածի համաձայն՝ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է երկու տարի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://armtimes.com/hy/article/101584
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



