Կոռուպցիայի դեմ պայքարը շատ կարևոր է տնտեսության զարգացման համար: Խնդիրը միայն ֆինանսական հոսքերի ավելացումը չէ: Բազմաթիվ ներդրողներ, ինչպես նաև շարքային քաղաքացիներ որոշակի գործընթացներ իրականացնում են ելնելով ռիսկայնությունից և հնարավոր բացասական հետևանքները հաշվարկելուց հետո:
Պետությունը կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով իրականացրել է մի շարք գործընթացներ: Դրանցից մեկը ապօրինի հարստացման քրեականացումն է: Մեկ այլ որոշում վերաբերում է մի շարք գործողությունների թափանցիկության բարձրացմանը: Խոսքը վերաբերում է հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելուն կամ թերի, սխալներով, աղավաղումներով ներկայացնելուն:
Փորձ է արվում հնարավորինս նվազեցնելու քաղաքացու և պետական մարմինների միջև շփումը: Այդ է պատճառը, որ քաղաքացուց դիմում ընդունող և որոշում կայացնող անձինք տարբեր են:
Սպասվում է, որ առաջ է բերվելու որոշումների նոր փաթեթ, որտեղ որոշումներն ընդունվելու են մեկ միասնական կենտրոնում, որն անգամ ֆիզիկապես կապ չի ունենալու դիմում ընդունողների հետ: Սա նույնպես պետք է ծառայի իր նպատակին: