Times.am-ը գրում է.
 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի 2016 թվականի սեպտեմբերից տրված հանձնարարականների հիման վրա ընդունվել են պետական կառավարման համակարգի արդիականացմանն ուղղված քաղաքական որոշումներ: Այդ մասին գործադիրի նիստում ներկայացնելով հանձնարարականների կատարման ընթացքը` նշեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` ավելացնելով, որ լիազորությունների ապակենտրոնացման ուղղությամբ երկու մոտեցում է որդեգրվել:
 «Յուրաքանչյուր օրենքի նախագիծ, որը մշակվում է՝ էական չէ, որ այն չի վերաբերում լիազորությունների ապակենտրոնացմանը, պարտադիր պետք է անդրադարձ կատարի նաև լիազորությունների ապակենտրոնացման խնդրին, այսինքն՝ վերլուծվում է, թե ինչ լիազորություններ կան, որոնք վերապահված են կառավարությանը, և եթե հնարավոր է դրանք վերապահել ավելի ստորին օղակներին, օրինակ, նախարարություններին՝ համապատասխան պատասխանատվություն սահմանելով, ապա դա իրականացվում է: Այս աշխատանքն իրականացվում է և հիմքում առկա է համապատասխան իրավական ակտ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հարությունյանը:
 Նախարարի խոսքով` իրականացված օրենսդրական փոփոխությունները նախատեսում են, որ կառավարությունն այլևս որոշումներ չի ընդունելու: «Ամենավառ օրինակը վերջերս ընդունված կարգավորումն է բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների վերաբերյալ, համաձայն որի՝ բացի պահուստային ֆոնդի միջոցով իրականացվող վերաբաշխումներից, մյուս բոլոր վերաբաշխումները կիրականացվեն հենց լիազոր մարմնի կողմից, և այլևս անհրաժեշտ չի լինի կառավարության կողմից որոշման ընդունումը: Նմանատիպ փոփոխություններ օրենսդրության մեջ տեղի են ունեցել նաև ՊՈԱԿ-ների վարձակալ ական գումարների հետ կապված և այլն»,- ընդգծեց Հարությունյանը:

Ըստ նրա, Ազգային ժողովի կողմից ընդունված «Գնումների մասին» նոր օրենքը նախատեսում է գնումների և´ ավելի ճկուն, և´ ավելի թափանցիկ մեխանիզմներ, ինչը թույլ է տալիս բարձրացնել կառավարության հանրային հաշվետվողականությունը:

«Կատարվել են գործողություններ և այդ ուղղությամբ ընդունվել մի շարք իրավական ակտեր՝ ՊՈԱԿ-ների աշխատակազմերի և ԾԻԳ-երի օպտիմալացում, ինչը թվային առումով հետաքրքիր է. 2017 թ. կատարված փոփոխությունները հնարավորություն կընձեռեն տնտեսելու 3.9 մլրդ ՀՀ դրամ:

Արդեն ընդունվել են մի շարք իրավական ակտեր, որոնք նպատակ ունեն իրականացնել և շարունակել տեսչական բարեփոխումները: Մասնավորապես, վերջերս քննարկման առարկա է դարձել գյուղատնտեսության նախարարության համապատասխան տեսչության լուծարումը, որն զբաղվում էր գյուղտեխնիկայով: Նմանատիպ աշխատանքները կշարունակվեն նաև այլ նախարարություններում, և կառավարության ծրագրով ևս նախատեսված է, որ 6 տեսչական բարեփոխում պետք է իրականացվի 2017 թ. ընթացքում»,- ընդգծեց Հարությունյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել