Ամենօրյա ճիշտ դիմահարդարումը շատ կարևոր է: Տանից դուրս գալուց առաջ գրեթե բոլորն էլ շտկում են իրենց արտաքինը կոսմետիկայի միջոցով: Ահա մի քանի տարածված սխալներ, որ հաճախ են թույլ տալիս կանայք:
Չնախապատրաստված մաշկ- դիմահարդարումից առաջ մաշկը պետք է նախապատրաստել: Նախապես մաքրված մաշկին պետք է քսել որևէ սնուցող, խոնավեցնող քսուք, մի քանի րոպե սպասել, այնուհետև անցնել դիմահարդարման գործընթացին: Չոր մաշկի վրա դեֆեկտները թաքցնելն անհնար է, բացի այդ` կոսմետիկ միջոցները նրա վրա երկար չեն մնում:
Չափից շատ երանգավորում - սա ծանրացնում է դեմքի մաշկը: Անհրաժեշտ է երանգավորող քսուքը քսել շատ բարակ և հավասար շերտով:
Ստորին կոպերի սխալ երանգավորում - հաճախ սխալմամբ աչքերի տակի մուգ գույնը կանայք «թաքցնում են» շատ բաց, գրեթե սպիտակ երանգի տակ, բայց ստացվում է հակառակ էֆեկտը: Որպես թաքցնելու միջոց ընտրեք ավելի տաք գույներ՝ դեղնանարնջագույն, քսեք շատ բարակ շերտով:
Չափազանց ընդգծված ներքին կոպեր - ընդգծված ներքին կոպերը, հատկապես եթե սև են, տեսողականորեն փոքրացնում են աչքերը: Սև մատիտը քսեք ներքին կոպի դրսի հատվածից մինչև կեսը, կամ էլ ավելի լավ է վերցրեք դարչնագույն մատիտ:
Շրթունքների մատիտը՝ ոչ ճիշտ գույն ոչ ճիշտ տեղում- հաճախ կանայք, շրթունքների ծավալը մեծացնելու համար ընտրում են շատ մուգ մատիտ կամ էլ ընդգծում են ոչ թե հենց շրթունքները, այլ նրան շրջապատող մաշկը: Պետք է մատիտն ընտրել կամ շրթներկի գույն, կամ էլ մի երանգով բաց, ընդգծել շրթունքների իրական եզրագիծը, հետո նոր օգտագործել շրթներկը:
Փայլի չարաշահում- ամենօրյա դիմահարդարման մեջ նախընտրելի են անփայլ երանգները, հատկապես եթե շատ երիտասարդ չեք: Վերին կոպի վրա երանգները քսեք ներքևից վերև՝ մուգից բաց: Ստվերաներկը մի հասցրեք մինչև ունքերը:
Շրթներկ ճաքճքած մաշկի վրա- սա չխնամված տեսք է տալիս: Ճաքերի դեմ պայքարեք շրթունքների խոզանակի և բալզամի միջոցով, իսկ մինչև դրանց վերանալը օգտագործեք շրթունքների փայլ:
Չափից շատ դիմափոշի- դիմափոշին չարաշահելու արդյունքում ընդգծվում են կնճիռները և չի երևում մաշկի բնական փայլը:
Գծած հոնքեր- ճիշտ ձևավորված հոնքերը միշտ գեղեցիկ են, սակայն շատերը չափազանցության են դիմում՝ հոնքերի փոխարեն սև գիծ գծելով, ինչն անբնական է: Հոնքերը շատ մի բարակացրեք, իսկ մատիտը քսեք ոչ թե մի գծով, այլ հատված առ հատված՝ մազի աճին զուգահեռ:
Մուգ հիմներանգներ- արհեստականորեն մգացված մաշկը անբնական է և ցուցադրում է մաշկի անհարթությունները: Ընտրեք մաշկին համապատասխան երանգավորող քսուք՝ հիմք ընդունելով ոչ թե դեմքի, այլ պարանոցի մաշկի գույնը: Այդպես ավելի հեշտ կկողմնորոշվեք:
Նյութի աղբյուրը` այստեղ