Numbeo կազմակերպությունը, հիմնվելով 2017-ին երկրներում ապրուստի արժեքի վարկանիշի վրա, ուսումնասիրություն է հրապարակել ամենամատչելի երկրների ու քաղաքների վերաբերյալ: Վարկանիշը հիմնված է կացարանի, սննդամթերքի, հագուստի, կոմունալ ծառայությունների և մի շարք այլ ապրանքների գների հետազոտության վրա:
Այս ցանկում ընդգրկված է նաև Հայաստանը, որը ամենամատչելի երկրների ցանկում 19-րդ տեղում է: 119 երկրների թվում Հայաստանի կյանքի արժեքի վարկանիշը հավասար է 33.87-ի: Նշենք, որ վարկանիշը կառուցվում է Նյու Յորքի համեմատ ցուցանիշների հիման վրա: Նյու Յորքի ցուցանիշը 100 է: Եթե երկրի ցուցանիշը 130 է, համարվում է, որ կյանքն այնտեղ 30 տոկոսով ավելի թանկ է, քան Նյու Յորքում, եթե 70, նշանակում է՝ 30 տոկոսով էժան է:
Ադրբեջանն ու Վրաստանը կյանքի համար ամենամատչելի երկրների թոփ 10-ում են, մինչդեռ Թուրքիան և Իրանը 32-րդ և 30-րդ հորիզոնականներում են համապատասխանաբար: Բացի այդ՝ Երևանը 484 քաղաքի վարկանիշում 61-րդ տեղում է 34.6 ցուցանիշով: Բաքուն 32-րդն է ամենամատչելի քաղաքների թվում, Թբիլիսին` 28-րդը: Իրանի մայրաքաղաք Թեհրանն այդ ցանկում 110-րդն է:
Եթե նայենք ցուցանիշներին, ապա կարելի է փաստել, որ 10 ամենաէժան քաղաքներից 8-ը գտնվում են Հնդկաստանում: Աշխարհի ամենաէժան քաղաքը հնդկական Տրիվանդուրումն է, որի վարկանիշը 19.83 է: