Մեզնից շատերը, հատկապես նրանք, ովքեր առավել շատ են հակված էլեկտրոնային օգտակար հոդվածներ կամ գրքեր կարդալ, հետաքրքրվում են ինքնակատարելագործման մասին գրականությամբ կամ պարզապես հետաքրքրասեր են` հավանաբար արդեն կարդացել են բլոգում տեղ գտած «Հաջողության յոթ ոգեկան կանոնները»: Ոմանք, վստահ եմ, նաև ծանոթ են «Հաջողակ մարդկանց յոթ սովորույթներին»:
Այս հոդվածում կփորձենք անդրադառնալ հաջողակ մարդկանց առավոտյան սովորույթներին, որոնք կախված են ոչ այնքան ձեր բնավորությունից, որքան ինքնաբերաբար ձևավորված օրվա ռեժիմից:
Որքանո՞վ է կարևոր արթնանալուց հետո օրվա առաջին ժամը: Պարզվում է, որ շատ կարևոր է: Այն կարող է լինել անկողնում կամ մտքերի մեջ պարզապես պտտվելու ժամ: Հաճախ աշխատանքային առաջին ժամն իր հերթին դառնում է անօգուտ զրույցի, «պատրաստվելու», ինտերնետային նորությունները ստուգելու, սոցիալական ցանցերում մի քանի սուր միտք գրելու ժամ: Սակայն այն կարող է դառնալ նաև ժամը, երբ դուք տեսնում եք ամեն ինչ հստակ ու կատարում եք կարևորագույն մի քանի քայլ, կայացնում որոշումներ կամ իրականացնում, վերջացնում որևէ հանձնարարություն:
Առավոտը հրաշալի ժամանակ է: Թարմություն, վճռականություն, նոր մտքեր ու նպատակներ: Սակայն որքանո՞վ ենք մենք արդյունավետորեն օգտագործում այդ ժամանակը: Կարծում եմ` ինքնին հասկանալի է, որ եթե մենք արդյունավետորեն կարողանանք պլանավորել մեր առավոտյան անելիքները, ապա, այդ առավոտյան անելիքների պլանավորումից ինքստինքյան որոշակի արդյունավետությամբ պլանավորվում է նաև մեր ողջ օրը, հետևաբար ողջ շաբաթը:
Արդյունավետ առավոտյան միջոցառումներ պլանավորելիս պետք է այն շուտ սկսել: Այս առումով գիշերային աշխատանքները կամ զբաղմունքները, որոնք մենք բոլորս էլ ինչ որ չափով չարաշահում են, իրականում խանգարում են այդ առավոտյան միջոցառումների վճռականությանն ու պլանավորմանը: Ինչ որ չափով մենք կարծում ենք, որ ահա, կնստենք մինչև ուշ գիշեր ու կվերջացնենք այս ու այն անելիքները: Սակայն որպես կանոն գիշերային ժամերին կատարված աշխատանքներն այդքան էլ արդյունավետ չեն: Փոխարենը որքա՞ն ժամանակ է խլվում հաջորդող առավոտներից: Քնի պակասն, իր հերթին, բերում է հիշողության առարկայական թուլացման, ցրվածության և անկազմակերպվածության, հախուռն որոշումների կայացման, ընդհանուր նպատակասլացության նվազման և այլն:
Փոխարենը մենք կարող ենք մեր նպատակներն ու երազները փոխակերպել դրանց իրականացման ամենօրյա արարողակարգերի: Հնչում է, չէ՞: Երազանքների ու նպատակների իրագործման առավոտյան արարողակարգեր: Դրա համար
- Ամեն օր արթնացեք կես ժամ ավելի շուտ` մինչև հասնեք առավոտյան նախընտրելի որևէ ժամի` ասենք 7:30: Զուգահեռաբար սկսեք գիտակցել, որ գիշերային տևական քնադուլները իրականում խիստ վնասակար են ու ոչ արդյունավետ:
- Անհրաժեշտ է խորապես գիտակցել, որ նոր սովորույթներ հաստատելն ու դրանց տևականորեն հետևելն իրականում այդքան էլ հեշտ չէ, որքան կարող է կողքից թվալ, հետևաբար սովորույթի հաստատման համար անհրաժեշտ է լավ սնվել, խիստ կարգապահություն, էմոցիոնալ պատրաստվածություն և արդյունքների հստակ տեսլական:
- Շարունակելով արդյունքների հստակ տեսլականի միտքը սկսեք արձանագրել ձեր աստիճանական հաջողությունները: Ի՞նչ և ինչպե՞ս է փոխվում: Շարունակեք արձանագրել ամենօրյա հաջողությունները գոնե մեկ ամիս, մինչև այն դառնա սովորություն: Իսկ ի՞նչ է սովորությունը: Ինչպես հաջողողակ մարդկանց յոթ սովորույթներն են մեզ սովորեցնում` սովորույթը` երբ առկա է նպատակին հասնելու համար գիտելիք, փորձառություն և ցանկություն: Սա` երբ դուք գիտեք ինչ անել, գիտեք ինչպես անեք և ունեք անելու համար հստակ ցանկություն:
- Նոր սովորույթի կայացման ճանապարհին, հաջողության դեպքում անպայման խրախուսեք ձեզ որևէ նյութական կերպով: Սա միայն կամրապնդի ձեր զգայական ու գիտակցական կապվածությունը նոր սովորույթի հետ:
Մի ստուգեք էլեկտրոնային փոստն աշխատանքային առաջին առաջին ժամերին: Լուրջ: Մի ստուգեք: Ու մի մտեք սոցիալական կայքերը նույնպես, եթե դա ձեր աշխատանքի մասը չէ, կամ, ասենք, Blognews-ի անձնակազմից չեք: Հավատացեք, իրականում դրանք, դեպքերի ճնշող մեծամասնության դեպքում այդքան էլ կարևոր չեն` կամ նվազ կարևոր են, քան աշխատանքային արդեն իսկ գոյություն ունեցող հանձնարարությունները: Համաձայնվեք, եթե պետք է ստանայիք հույժ կարևոր տեղեկություն` ապա այն ավելի շուտ կստացվեր զանգի կամ sms-ի տեսքով:
Անցանք առաջ: Որքանո՞վ է կարևոր առավոտյան թեթև, 15 րոպեանոց մարզանքը` մտավոր աշխատանքի պատրաստվելու համար: Հույժ կարևոր է: Մարդու ուղեղը «սովորաբար» մարմնի անբաժանելի մասն է, ու նյութափոխանակության, արյան շրջանառության ավելացումը ուղակիորեն նպաստում է ուղեղի առավել արդյունավետ ու կենտրոնացված աշխատանքի վրա: Սակայն ֆիզկուլտուրայից ոչ պակաս կարևոր է մտավոր ամենօրյա 10 րոպեանոց թեթև վարժությունները: Ամեն օր, արթնանալուց հետո, փորձեք վերհիշել ու արձանագրել բոլոր այն դեպքերն ու արժեքները, որոնց համար դուք շնորհակալ եք այս կյանքում: Մտաբերեք ձեր արժանիքները, հարազատներին, Աստծուն, ձեր ընկերներին, միջոցառումները: Այն ամենը, ինչն անխոս թանկ է ձեզ համար ու հանուն որի դուք արժևորում եք այս կյանքը: Այնուհետև փորձեք պատկերացնել այդ ամենն այսօր, ձեր իսկ առջև: Ձեր համար հասանելի տարածության մեջ:
Հավատացեք, սա հրաշալի վարժություն է: Մտաբերելով այն, ինչն ամենակարևորն ու արժեքավորն է մեր կյանքում, մենք կարող ենք մշտապես լինել բարձր մոտիվացվածության աստիճանում, օգտագործել դրական զգացմունքներից ու լավատեսությունից բխող հսկայական էներգիան` ամեն օր: Նման տրամադրվածությունը մարդուն դարձնում է երջանիկ, կարող ու խաղաղ, հաղթահարում դեպրեսիան ու դրանից բխող այլ հիվանդությունները: Ամենակարևորը, այն տալիս է աշխատանքային օրվա համար այնքան կարևոր ուժ, նպատակասլացություն և ստեղծագործ միտք: Սա ես գրում եմ սեփական փորձից:
Հիմա մեկ այլ, սակավ ոգևորիչ ու տրամադրող օրինակ: Երբ բնակվում էի ԱՄՆում` բազմաթիվ անգամ լսել եմ հետևյալ ասացվածքը. «Առավոտյան ուտելով մեկ գորտ, դու արդեն իսկ կատարած կլինես օրվա ամենածանր ու տհաճ պարտականությունը»:
Այո: Ես հուսով եմ, որ գորտ ուտելիս մարդիկ այն նախ եփում են, բայց հարցը դրանում չէ, ու մենք բոլորս հասկանում ենք համեմատության իմաստը: Դուք կարող եք օրվա ամենածանր պարտականությունը, առավել պատասխանատու որոշումներն ու աշխատանքները սկսել առավոտյան ու վերջացնել առաջին հերթին: Առավոտյան դուք ունեք ամեն ինչ` այն իրականացնելու համար: Ու հետո` ամենակարևորն ու դժվարը արդեն կատարված է:
Ուրեմն, ամեն օր, առավոտյան, տանը կամ աշխատավայրում` հաջորդ օրվա համար, ընտրեք ձեր «գորտին», նշեք այն ամենակարևոր ու դժվար հանձնարարությունը, որը առավոտյան գալով աշխատանքի կսկսեք ու հենց առաջինն էլ կվերջացնեք:
Եվ որպեսզի մեր այս զրույցը վերջացնենք փոքր ինչ ավելի հաճելի ու նուրբ մակարդակում խոսենք սիրուց: Իհարկե սիրուց: Կա այսպիսի հրաշալի միտք` «Գտիր այն զբաղմունքը, որը սիրով ես անում, և դու այլևս երբեք չես աշխատի»: Ու այստեղ է, որ մարդը գտնում է ոչ թե աշխատանք ու պարտականություն, դրանք գործի մեջ միշտ էլ կան ու կլինեն, այլ առաքելություն, կոչում: Նպատակ, որին հասնելն ու ձգտելը ձեր ընդհանուր արժեհամակարգի, գոյության նպատակի մասն է կազմում: Ու հենց այստեղ է, որ գորտը փոխակերպվում է համեղ աղցանի, առավոտյան արագ բայց համեղ նախաճաշի, միգուցե երեկոյան խորովածի՞, սուշիի՞ կամ այլ ճաշատեսակի՞:
Դուք ընտրեք