Ինչպես գիտենք, Հայաստանը՝ որպես փոքր շուկա ունեցող երկիր, առաջնային կարևորում է արտահանման ծավալների ավելացումը:
Ուսումնասիրելով նախորդ տարվա հրապարակված ցուցանիշները՝ պարզ է դառնում, որ Հայաստանը իր համար նոր ռեկորդ է սահմանել՝ 2016 թվականին հասցնելով արտահանումը ՀՆԱ-ի 21 տոկոսի:
Այնուամենայնիվ պետությունը չի պատրաստվում բավարարվել այս ցուցանիշով և իր համար նոր «քաշ է պատվիրել», որի համաձայն՝ արտահանումը պետք է կազմի ՀՆԱ-ի 40-45 տոկոսը:
Նպատակին հասնելու համար գործադիր մարմինը ակնկալում է փոխել իր քաղաքականությունը և նեղ ուղղվածությամբ արտահանող տնտեսությունից անցնել դիվերսիֆիկացված, արտահանման խթանման ենթակառուցվածքներով ապահովված և արտաքին շուկայի պահանջներին ու օրակարգին արագ արձագանքող տնտեսության:
Արդեն իսկ ակտիվ բանակցություններ են ընթանում Իրանի հետ՝ Հայաստանում կատարված սերտիֆիկացման արդյունքներն այդ երկրի շուկայում ճանաչելի դարձնելու համար: Օրակարգում է նաև Իրանի հետ սահմանագծին ազատ տնտեսական գոտու ձևավորման հարցը:
Հայկական արտադրանքների մեջ կարևոր դիրք զբաղեցնող գյուղմթերքը կարող է արտահանվել ԱՄԷ, որի հետ նույնպես ընթանում են ակտիվ բանակցություններ և արդեն իսկ ձեռք են բերվել պայմանավորվածություններ: