Հայտնի փաստ է, որ տնտեսության ակտիվությունը ապահովող հիմնական գործոններից մեկը մասնավոր ներդրումներն են: Ցավոք, ՀՀ-ում վերջին տարիներին դրանք անընդհատ կրճատվում են: Այս խնդրի լուծման համար գործադիրում արդեն ստեղծվել է ներդրումային հիմնադրամ: Սակայն, հաշվի առնելով առկա պայմանները, կառավարությունը մտադիր է սկզբնական շրջանում պետության մասնակցության ճանապարհով պայմաններ ստեղծել մասնավոր կապիտալի հոսքերը տնտեսության մեջ ակտիվացնելու համար։
Սրա համար պատճառ է հանդիսանում նախորդ տարվա ցուցանիշները: Անցած տարվա ինը ամիսների տվյալներով՝ Հայաստանի տնտեսության մեջ իրականացված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը կազմել է ընդամենը 92 մլն դոլար։ Այն համարժեք է համախառն ներքին արդյունքի ընդամենը 1,3 տոկոսին, ինչը չափազանց քիչ է երկարաժամկետ աճ ապահովելու համար։ Մոտավոր գնահատումներով՝ դրա համար անհրաժեշտ է տարեկան շուրջ 500 մլն դոլարի ներդրում։
Այս ուղղությամբ ևս տարվում են աշխատանքներ: Արդեն մշակվել է օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենքի նախագիծ, որով նախատեսվում է օրենսդրորեն ուժեղացնել և միջազգային չափանիշներն համապատասխանեցնել ներդրումների պաշտպանությունն ու երաշխավորումը։ Սրանով կփոխվի վերաբերմունքը օտարերկրյա ներդրողների նկատմամբ։ Նրանք կստանան գործելու բարենպաստ դաշտ և ներդրումների պաշտպանվածության բարձր մակարդակ, այդ թվում՝ վեճերի լուծման ժամանակ այլընտրանքային միջոցների կիրառման, մասնավորապես արբիտրաժի հնարավորություն։
Օտարերկրյա ներդորողների շրջանում հետաքրքրություններն ավելացնելու ուղղություններից մեկն էլ դիտարկվում է գործարար շփումների ակտիվացումը։ Հենց այդ նպատակով էլ փետրվար-մարտին կանցկացվեն հայ-ֆրանսիական և հայ-էմիրաթական ներդրումային համաժողովներ։