Չնայած այն հանգամանքին, որ տարեվերջյան տնտեսական աճը այդքան էլ մեծ չէր, այնուամենայնիվ դա չխանգարեց բնակչության խնայողությունների երկնիշ աճին:
Հրապարակած տեղեկության համաձայն՝ 2016 թվականին բնակչության խնայողությունները ավելացել են 13 տոկոսով կամ դրամական արտահայտմամբ՝ 264 մլն դոլարով: Որոշ գնահատականների համաձայն՝ ներկայումս ընդհանուր խնայողությունները գերազանցում են 4 միլիարդ դոլարը:
Ինչ վերաբերում է բնակչության բանկային ավանդներին, ապա դրանք ընդհանուր առմամբ գերազանցում են 2,3 մլրդ դոլարը։
Ունենալով այսչափ ֆինանսական ռեսուրս՝ անհրաժեշտ է ստեղծել նպաստավոր պայմաններ, որպեսզի բնակչությունը կատարի ներդրումներ և աշխուժացնի տնտեսությունը: Ներկայումս խնայողությունների որոշակի մասը գտնվում է բանկերում և ինքնին առկա է շրջանառություն, սակայն տնտեսության զարգացման համար ավելի նպաստավոր կլինի այդ գումարները դարձնել ավելի ազատ:
Համապատասխան միջավայր ստեղծելու և հանրության վստահությունը շահելու դեպքում հնարավոր է, որ առկա ֆինանսական զգալի ռեսուրսները ծառայեն ավելի արդյունավետ հարթակում և ավելացնեն տնտեսական ակտիվությունը: