
Սիրելի մայրեր և աղջիկներ` ապագա մայրեր, շնորհավոր ձեր տոնը: Ձեր ուսերին է ծանրացած մեր մայրենի լեզվի պահպանության խնդիրը: Դուք եք, որ մայրենի լեզուն ձեր կաթի, օրորոցայինների ու մաղթանքների հետ ներարկում եք ձեր բալիկներին, որոնք պիտի զորանան ու դառնան մեր երկրի կենարար ուժը: Հիշեք, որ մեր պատմության տարեգրքի բազմաթիվ էջերում սփռված են դրվագներ, երբ հայոց լեզուն արգելվել է մահվան սպառնալիքով: Բայց նույնիսկ այդպիսի պայմաններում մենք կարողացել ենք պահպանել մեր մայրենին ու հանձնել մատաղ սերնդին:
Քանի որ Մարտի 8-ը ոչ միայն ձեր տոնն է, այլև մեծագույն հայերենագետ Հրաչյա Աճառյանի ծննդյան տարեդարձը (նա ծնվել է 1876 թ. մարտի 8-ին` Կոստանդնուպոլիսում), ուզում եմ վերը ասվածի կապակցությամբ ձեզ ներկայացնել մի դրվագ Աճառյանի «Կյանքիս հուշերից» ինքնակենսագրական հրաշալի գրքից (Երևան, «Միտք», 1967, էջ 277-280):
1903 թ. ցարական Ռուսաստանը ճնշումների մի ալիք ծավալեց: Շուշեցիք ցույց տվեցին զորեղ դիմադրություն, որը շարժեց ռուս կառավարության զայրույթը: Նրանք փակեցին Շուշվա թեմական դպրատունը: Բանտարկվեցին որոշ ուսուցիչներ, վտանգի տակ էին և մյուսները: Թեմականի բարձր դասարանցիների ուսումը մնում էր կիսավարտ: Այս ամենը շարադրելուց հետո Աճառյանը պատմում է.
«Ռուսաց դպրոցների բարձրագույն դասարանների աշակերտները խմբակներ էին կազմել և սովորում էին հայերեն լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն` թեմականի ուսուցիչների ղեկավարությամբ: Հայոց պատմության ուսուցիչը ես էի: Շաբաթական երկու անգամ երկու աշակերտ` իբրև պատվիրակ, գալիս էին ինձ մոտ և առաջնորդում ինչ-որ մի տուն: Ամեն անգամ տեղը փոխվում էր: Գնում էի և դահլիճում կանոնավոր աթոռների վրա նստած, գտնում էի ունկնդիր աշակերտներին: Այնպես էին կազմակերպած, որ իբր թե այդ օրը տնեցիք տոնախմբություն ունեին: Թառն ու դափը պատրաստ դրված էին, այս բոլորը արված էր զգուշության համար, որպեսզի, եթե ոստիկանությունը ներս մտներ, դասախոսությունը վերածվեր նվագահանդեսի:
Ի զարմանս բոլորի և ի պատիվ շուշեցոց, ոչ մի օր այդպիսի բան չեղավ: Ոստիկանությունը անտեղյակ էր և մնաց անտեղյակ. չգտնվեց ոչ մի դավաճան, որ մեր գաղտնիքը մատներ նրանց: Հանդարտությամբ ես պատմում էի հին հայոց պատմության գլխավոր դեպքերը: Անցա ամբողջ դասընթացը»:
Ահա թե ինչ պայմաններում ենք երբեմն ստիպված եղել պահել հայ դպրությունը: Իսկ հիմա, երբ նման ֆիզիկական սպառնալիք չկա, հայերենը շարունակում է լինել վտանգված: Առաջին հերթին դա վերաբերում է, իհարկե, Հայաստանից դուրս ապրող մեր միլիոնավոր հայրենակիցներին, որոնց երեխաներից շատերը շատ արագ մոռացության են մատնում մայրենի լեզուն կամ էլ կարողանում են միայն խոսել կոտրտված հայերենով. գրել-կարդալու մասին էլ խոսք չկա: Ահագնացող են նաև մյուս խնդիրները` լատինատառ հայերեն կոչվող հրեշը, օտարալեզու դպրոցների բացման վտանգը և այլն: Ու այս ամենի դեմ պայքարելու ամենաարդյունավետ ու բնական զենքը ձեր ձեռքերում է, հայ մայրեր: Ձեր ու ձեր բալիկների կյանքից անպակաս լինեն սերը, ժպիտը և … հայոց լեզուն: