Artsakhpress.am-ը գրում է.

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը երկրի նախագահի պաշտոնի հնարավոր թեկնածուների հանրաճանաչությամբ ետ է մնում Հարավային Կորեայի Դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ Մուն Չժե Ինից:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են RealMeter վարկանիշային գործակալության հրապարակած տվյալները:

Ըստ այդմ՝ այժմ Մուն Չժե Ինի օգտին կքվեարկեին հարցվածների 26,1 տոկոսը, որը 0,7 տոկոսով պակաս է, քան մեկ շաբաթ առաջ:

Այս 0,7 տոկոսը փոխանցվել է Բան Կի-Մունին, որն անցյալ շաբաթ Նյու Յորքից Հարավային Կորեա է վերադարձել: Նա ստացել է ձայների 22,2 տոկոսը:

Հարցումն անցկացվել է Հարավային Կորեայի 2,5 հազար բնակիչների շրջանում:

Հարավային Կորեայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հնարավոր է համարել ընտրություններում Բան Կի-Մունի թեկնածության առաջադրումը, չնայած ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձեւերից մեկով հրահանգված չէ կազմակերպության նախկին գլխավոր քարտուղարներին պաշտոնաթողությունից անմիջապես հետո պետական պաշտոններ զբաղեցնել: Ինքը Բան Կի-Մունը դեռեւս հրապարակավ չի հայտարարել նախագահի պաշտոնի համար պայքարելու մտադրության մասին:

Դրա հետ մեկտեղ, Հարավային Կորեայի խորհրդարանական ընդդիմությունը կասկածի տակ է դրել Բան Կի-Մունի թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը՝ հենվելով ընտրությունների մասին օրենքի պահանջի վրա, որի համաձայն թեկնածուն պետք է մինչեւ ընտրությունների օրը առնվազն 5 տարի Հարավային Կորեայում բնակվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել