ԱՎԾ-ի հրապարակած ցուցանիշներից տեղեկանում ենք, որ 2016-ի դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ Հայաստանում գրանցվել է 1,1 տոկոս գնանկում, իսկ այս տարվա նոյեմբերի նկատմամբ դեկտեմբերին արձանագրվել է 1,1 տոկոս գնաճ:
2016-ի դեկտեմբերին 2015-ի դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 3,4 տոկոսով, իսկ այս տարվա նոյեմբերի համեմատ՝ 0,8 տոկոսով: Նոյեմբերի նկատմամբ 0,8 տոկոս գնանկումը հիմնականում պայմանավորվել է կոշկեղենի՝ 3,6 տոկոս, գեղահարդարման ապրանքների՝ 2,9 տոկոս, կենցաղային էլեկտրաապրանքների՝ 2,8 տոկոս, անձնապիտո ապրանքների՝ 2 տոկոս, լվացող միջոցների՝ 1,7 տոկոս, հագուստի եւ գործվածքի՝ 1,4 տոկոս, շինանյութերի՝ 1,2 տոկոս, կահույքի 1 տոկոս գնանկմամբ:
Գորգեղենի և այգեգործական ապրանքների գները 2016-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ նվազել են 0,1 տոկոսով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է վառելիքի` 0,1 տոկոս, տեքստիլեղենի, գրենական պիտույքների՝ 0,2 տոկոս, ոսկերչական ապրանքների՝ 0,6 տոկոս, դեղամիջոցների՝ 1,2 տոկոս, մշակույթի ապրանքների 1,3 տոկոս գնաճ: