Հայաստանի զարգացման ճանապարհին խոչընդոտող հանգամանքներից մեկը անբավարար ենթակառուցվածքներն են: Ենթակառուցվածքների ոլորտի խնդիրներից են տրանսպորտի ոլորտի և ճանապարհային ակտիվների պետական կարգավորման ոչ բավարար մակարդակը, ուղևորափոխադրումների ժամանակակից կառավարման համակարգի բացակայությունը, ճանապարհաշինական աշխատանքների որակի ապահովման արդյունավետ համակարգի բացակայությունը, ճանապարհների որակի, դրանցով երթևեկության և ուղևորափոխադրումների անվտագության ցածր մակարդակը: Ավելին՝ ՀՀ բնակավայրերի տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ՝ ներմարզային երթուղիներով չսպասարկվող 97 համայնք չի սպասարկվում, ավտոմեքենաների տեխնիկական զննության գործընթացը կրում է ձևական բնույթ:

Գործունեության 100 օրվա ընթացքում Կառավարությունը ենթակառուցվածքների զարգացման խնդիրների լուծման հարցին մեծ կարևորություն է տվել: Նախ՝ ձևակերպվել են այն նպատակները, որոնց ցանկանում է հասնել Հայաստանը: Այսպես՝ նախատեսվում է ճանապարհաշինական ծրագրերի որակի հսկողության երկաստիճան մեխանիզմի մշակում և ներդրում, ՀՀ չսպասարկվող բնակավայրերը հասանելի տրանսպորտով ապահովելու նպատակով նոր երթուղային ցանցի մշակում և ներդրում, «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շարունակություն և այլն:

Անցած երեք ամիսների ընթացքում կառավարությունը սահմանված նպատակների իրականացման ճանապարհին իր առաջին քայլերն է ձեռնարկել: Մշակվել է էլեկտրոնային եղանակով տրանսպորտային փոխադրումների լիցենզավորման գործընթացի իրականացման ծրագիրը, որի շնորհիվ կկրճատվի գործընթացի համար պահանջվող ժամանակը։ Մշակվել է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության նոր կարգը, որը շուտով կընդունվի։ ՀՀ տարածքում փորձնական գործարկվել է Եվրոպայից Իրան Հայաստանի տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների ծրագիրը։

Հայաստանի ենթակառուցվածքների հագեցվածության հարցը ստրատեգիական նշանակություն ունի նաև արտաքին աշխարհի հետ պատշաճ կապ ապահովելու համար: 2016 թվականի սեպտեմբերի 20-ին մեկնարկել է Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրը։ 2016 թվականի նոյեմբերի 4-ին մեկնարկել է Հայաստան-Վրաստան սահմանին Բագրատաշենի կամրջի շինարարության ծրագիրը։ Այն կշարունակի այս տարի աշնանը շահագործման հանձնված Հայաստան-Վրաստան սահմանին ժամանակակից մաքսակետի ենթակառուցվածքը, որն էապես հեշտացնում է Հայաստան-Վրաստան սահմանային առևտուրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել