Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով` ՀՀ ոստիկանության պաշտոնյաների առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը  2017թ.-ի հունվարի 11-ին ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։
 Քրեական գործի նախաքննության նյութերով պարզվել է, որ դեպքի վերաբերյալ 2016թ.-ի դեկտեմբերի 19-ին հաղորդումներ են տվել ոստիկանության Հրազդանի բաժնի Ծաղկաձորի բաժանմունքի ՊՊԾ դասակի ոստիկաններ Գևորգ Բ.-ն և Կամո Ց.-ն: Մասնավորապես, նրանց հաղորդումների համաձայն, նույն օրը` գիշերը, Ծաղկաձոր քաղաքի վարչական տարածքում ծառայություն իրականացնելիս, հիշյալ ոստիկաններին է մոտեցել «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը և ուղևորը, ալկոհոլի ազդեցության տակ, վեճի են բռնվել և ծեծի ենթարկել պաշտոնյաներին: Միջադեպի հետևանքով ոստիկաններից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել:
 Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ոստիկանների նկատմամբ բռնություն են գործադրել Հրազդան քաղաքի բնակիչներ Անդրանիկ Հ.-ն և Արամ Ե.-ն: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
 Իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված` իշխանության ներկայացուցիչների առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել