Մշակույթի նախարարության դահլիճներից մեկում վարձակալությամբ տրված ներկայացման տոմսի վրա ուղղագրական սխալի հետ կապված ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հունվարի 13-ին դիմել է նախարարության ենթակայության բոլոր հաստատությունների ղեկավարներին: «Այսօրվանից առաջին հերթին դուք եք պատասխանատու ձեր դահլիճում կամ սրահում թեկուզ վարձակալությամբ անցկացվող միջոցառումների ազդագրերի, տոմսերի և նման այլ նյութերում տեղ գտած ձևավորման ու բովանդակային ( այդ թվում՝ լեզվական) սայթաքումների և սխալների համար։ Նույնը կպահանջվի, երբ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում ներդրվի թարգմանական վազող տողը»,- նշել է Արմեն Ամիրյանը: Այդ մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախարարի խոսքով` ինչպես իրենք նախարարությունում պարտավորություն են վերցրել վերահսկելու իրենց ֆինանսական հովանավորությամբ միջոցառումների նյութերի դիզայնը և բովանդակությունը՝ թերություններն ու սխալները բացառելու համար, այդպես էլ նույնը պահանջում են ՊՈԱԿ-ներից և մյուս հաստատություններից: