Խոսելով ՀՀ տնտեսության հնարավոր զարգացման մասին՝ հաճախ առաջ է բերվում արտասահմանից ֆինանսական հոսքերի ներգրավման խնդիրը: Բնականաբար, ցանկացած պետության համար կարևոր է ունենալ այնպիսի տնտեսություն, որը «ցանկալի» կլինի օտարերկրյա ներդրողների համար, սակայն այս պարագայում ոչ պակաս կարևոր է ուսումնասիրել ներքին շուկան և փորձել ներդրողներին փնտրել նաև պետության սահմաններում:
Չնայած տնտեսական մի շարք մարտահրավերներին՝ Հայաստանում առկա է ռեսուրսների կուտակման դրական միտում: Միայն բանկային համակարգում դրանք հասնում են 2,3 միլիարդ դոլարի:
Ինչ վերաբերում է բնակչությանը, ապա այստեղ խնայողությունները տատանվում են ավելի քան 4 միլիարդ դոլարի սահմաններում:
Ինչպես տեսնում ենք, գումարներ կան, սակայն դրանք ներգրավելու համար հարկավոր են մի շարք գործընթացներ: Առաջին հերթին անհրաժեշտ է զարգացնել և նոր մակարդակի հասցնել արժեթղթերի շուկան, որը կարելի է համարել ներդրումների ներգրավման գլխավոր խաղաքարտերից մեկը:
Ինչպես նշեցինք, խնայողություններն աճում են: Վերջին մեկ տարվա ընթացքում դրական ցուցանիշը կազմել է 13 տոկոս, կամ դրամական արտահայտմամբ՝ 264 միլիոն դոլար:
Հաճախ տնտեսությունների ունեցած խնդիրներից մեկը կապված է լինում բանկային համակարգի հանդեպ վստահության մեջ, ինչը, սակայն, Հայաստանում բարվոք մակարդակի վրա է: Հաշվի առնելով ազգային արժույթի կայունությունը և բանկերի սնանկացման դեպքում գումարի վերադարձելիության շեմի բարձրացումը՝ բնակչությունը նախընտրում է իր գումարները պահել նման ֆինանսական կառույցներում:
Երբ բանկային համակարգի հանդեպ առկա է դրական միտում, երբ խնայողությունները շարունակում են աճել, մնում է միայն առաջարկել մեխանիզմներ այդ ռեսուրսները օգտագործելու և տնտեսությունը ակտիվացնելու համար: