1988թ. մինչև 2016թ. սեպտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների համախառն հոսքերը կազմել են 5 տրիլիոն 950.8 մլրդ դրամ։ Այդ թվում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը կազմել են 3 տրիլիոն 440.9 մլրդ դրամ։
Ըստ այդմ` վերջին 28 տարիների ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում ամենաշատ ներդրումները կատարվել են ՌԴ-ից՝ 2 տրիլիոն 165.7 մլրդ դրամի չափով, որից ուղղակի ներդրումների հոսքերը կազմել են մոտ 1.6 տրիլիոն դրամ։
Ներդրումների համախառն հոսքերի մեծությամբ երկրորդ տեղում Գերմանիան է՝ 616.9 մլրդ դրամ, երրորդում՝ Ֆրանսիան՝ 497.4 մլրդ դրամ։ Ընդ որում՝ ուղղակի ներդրումների առումով՝ Ֆրանսիան Գերմանիայից առաջ է։
Հայաստանի տնտեսության մեջ ամենից շատ ներդրումներ անող երկրների տասնյակում են նաև Կիպրոսը (414.4 մլրդ դրամ), Արգենտինան (298.1 մլրդ դրամ), Կանադան (277.7 մլրդ դրամ), Լիբանանը (232.5 մլրդ դրամ), Հունաստանը (196.1 մլրդ դրամ), ԱՄՆ-ը (195.5 մլրդ դրամ) և Նիդերլանդները (135 մլրդ դրամ)։
Այս ամենի ֆոնին հետաքրքրական է հատկապես այն փաստը, որ մեր հարավային հարևան Իրանը ՀՀ-ում աչքի է ընկել բավականին նվազ ներդրումային ծավալներով, որոնք կազմում են մոտ 300 մլն դոլար. ստացվում է` չնայած այն հանգամանքին, որ հայ-իրանական հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են, այնուամենայնիվ, իրանական կողմը ՀՀ-ն չի դիտարկում որպես բիզնես դաշտ:
Կարելի է հույս հայտնել, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի` Հայաստան կատարած վերջին այցից հետո, որի շրջանակում տեղի ունեցավ գործարար միջավայրի հանդիպում, հայ-իրանական հարբերությունների նոր էջ կբացվի նաև ներդրումային դաշտում: