ՀՀ կառավարությունը նվազեցրել է օտարերկրացիների կողմից ավելացված արժեքի հարկի վերադարձի (tax free) հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքի (ներառյալ` ԱԱՀ) շեմը` սահմանվելով այն 50 հազ. դրամ՝ նախկին 100 հազ. դրամի փոխարեն:
Հստակեցվել է այն, որ ԱԱՀ-ի վերադարձի հաշվում օտարերկրյա անձի անունը, ազգանունը տառասխալներով լրացնելը չի կարող գումարի վերադարձի մերժման հիմք հանդիսանալ, եթե անհրաժեշտ մյուս վավերապայմանները պահպանված են: Նշված փոփոխություններն ուժի մեջ են մտել 2017թ. հունվարի 1-ից:
Այն գործում է միայն ԱԱՀ վճարող համարվող կազմակերպություններից գնումներ կատարելու դեպքում, եթե ձեռք բերված ապրանքի համար առկա է Tax free invoice կամ ՀԴՄ Tax free հաշիվ և կտրոն, միևնույն խանութից մեկ օրվա ընթացքում ձեռք բերված ապրանքների արժեքը գերազանցել է 50 հազ. դրամը (նախկինում՝ 100 հազ. դրամ), ԱԱՀ-ն՝ 8 335 դրամը (նախկինում՝ 16 670 դրամ), և եթե ապրանքը չի օգտագործվել մինչև արտահանումը` պահպանելով գործարանային փաթեթավորումը: Այս հնարավորությունն ուժի մեջ է գնումը կատարելուց հետո մինչեւ 90 օրվա ընթացքում:
Tax free համակարգից օգտվելու գործընթացում բացառություն են կազմում սննդամթերքը, ծխախոտը, դեղորայքը, մշակութային արժեքները, տրանսպորտային միջոցները կամ դրանց մասերը:
Օտարերկրյա քաղաքացիները վերադարձման ենթակա գումարը կարող են ստանալ բանկային փոխանցմամբ` 30 օրվա ընթացքում, կամ կանխիկ` անցակետերում գործող բանկային մասնաճյուղերից:
Կարող ենք փաստել, որ այս համակարգի ներդնումը կունենա բավականին դրական ազդեցություն, քանի որ այն կակտիվացնի առևտրաշրջանառությունը և տնտեսական ակտիվություն կմտցնի: