
Ֆինլանդիայի կրթական համակարգը համարվում է աշխարհում լավագույններից և մշտապես գտնվում է թոփ 10-ում: Այնուամենայնիվ, Ֆինլանդիայի իշխանությունները պատրաստ են կատարել իրապես հեղափոխական քայլ կրթական համակարգում:
Ֆինն պաշտոնյաները ցանկանում են դասացուցակից հանել բոլոր դպրոցական առարկաները: Այլևս ոչ մի ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա, պատմություն կամ էլ գրականություն դպրոցական ծրագրում:
Հելսինկիում Կրթության նախարար Մարիո Կիլլոնեն բացատրում է այս փոփոխությունները. «Կան դպրոցներ, որոնք դասավանդում են հին և ավանդական մոտեցումներով, որոնք մեծ հաջողություն ունեցան 1900-ականներին, սակայն ներկայիս կարիքները այլ են, մենք ունենք 21-րդ դարի կարիքներին համապատասխանող համակարգ»:
Առանձին առարկաներ սովորելու փոխարեն, աշակերտները կուսումնասիրեն իրադարձություններ և երևույթներ միջդիսցիպլինար ձևաչափով: Օրինակ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմը աշակերտները կուսումնասիրեն պատմության, աշխարհագրության և մաթեմատիկայի տեսանկյունից: Իսկ «Աշխատանք սրճարանում» առարկայի շրջանակներում աշակերները կկլանեն գիտելիքներ անգլերենից, տնտեսագիտությունից և կստանան հաղորդակցական հմտություններ:

Այս համակարգը կներկայացվի ավագ դպրոցի աշակերտներին: Գլխավոր գաղափարն այն է, որ աշակերտներն իրենք ընտրեն այն թեման կամ երևույթը, որը ցանկանում են ուսումնասիրել՝ հաշվի առնելով ունակություններն ու ամբիցիաներն ապագայի հետ կապված: Այսպիսով՝ աշակերտները չեն կանգնի այն հարցի առաջ, թե ինչի համար են սովորում այս կամ այն առարկան:
Ավանդական ուսուցիչ-աշակերտ շփումը նույնպես փոփոխություններ կկրի: Գնահատվելու է կոլեկտիվ, խմբային աշխատանքը: Սա վերաբերվում է, ոչ միայն աշակերտներին, այլև ուսուցիչներին: Այսպիսով՝ տարբեր առարկաների ուսուցիչները պետք է միմյանց հետ խորհրդակցեն, որպեսզի հասկանան, թե ինչպես ավելի ճիշտ մատուցեն նյութը աշակերտներին:
Այս փոփոխությունները վերջնականապես կիրագործվեն մինչև 2020 թվականը:



