Թատերագետ Լևոն Մութաֆյանը մշտապես հետևում է հայաստանյան թատրոնում, կինոյում, հեռուստասերիալներում տիրող իրավիճակին և դրանց զարգացման միտումներին: Նա մասնագիտորեն ուսումնասիրում է դաշտն ու քաջատեղյակ է ոլորտում տիրող վիճակին և զարգացումներին:
Մեր օրերում շատ թատերագետներ ասում են, որ չեն ճանաչում էկրանային դեմքերին՝պատճառաբանելով հեռուստատեսությունում տիրող անորակությունը: Լևոն Մութաֆյանն այդպիսիններից չէր :) Նա քաջածանոթ էր մեր երկրում ապրող ու գործող դերասաններին: Նրա հետ մոտ հիսուն դերասանի քննարկեցինք, որոնցից միայն չորսին չճանաչեց՝ Գոռ Սահակյանցին, Սոֆյա Պողոսյանին, Եվա Բաղդասարյանին և Լիա Զախարյանին:

Ալինա Մարտիրոսյան
Որքան գիտեմ` Ալինան դերասանուհի չէ: Սիրուն, հաճելի կին է, բայց չափազանց անհետաքրքիր է էկրանին, որովհետև չափազանց միապաղաղ է: Տեղ-տեղ դուրս է մնում «անսամբլից»` իր ոչ պրոֆեսիոնալիզմով: Ես նրանից պահանջներ չունեմ, որովհետև դերասանուհի չէ:

Անի Պետրոսյան
Ասեմ, որ ընկերոջս աղջիկն է, բայց ուզում եմ դարձյալ օբյեկտիվ լինել. այն դերասանուհիների թվին է պատկանում, ովքեր գտնում են մի հերոսի և միշտ գնում այդ ճանապարհով: Այն, ինչ նա ներկայացրել է էկրանին` միագույն է, բայց Անին շնորհալի աղջիկ է: Նա ավելի շատ կատակերգական, բնութագրական դերերի դերասանուհի է, բայց, չգիտես ինչու, Անիին մղում են դեպի ընդգծված դրամատիկականություն և դրանից դերասանուհին տուժում է: Նա հետաքրքիր, լավ դերասանուհի է, պարզապես մեր ռեժիսուրան պետք է առաջնորդվի նաև դերասանի անհատականությամբ: «Դժբախտ երջանկությունում» Անին հետաքրքիր գույներ ունեցող ընդգծված դերասանուհի էր, սակայն «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում գույները խամրեցին: Նրա մոտ չգրանցվեց դերից դեր աճ, բայց Անին մեծ պոտենցիալ ունի և նրան ճիշտ «օգտագործելու» դեպքում կարելի է հասնել լավ արդյունքի:

Գայանե Ասլամազյան
Որքան գիտեմ` պրոֆեսիոնալ դերասանուհի չէ, բայց այն, ինչ անում է, ընկալելի է: Համակերպվում ես Գայանեի ներկայացրած հերոսուհիների հետ, բայց դարձյալ միատոնություն և միագունություն կա: Ինձ համար ամենաանընդունելին այն է, երբ էկրանից, բեմից, մոնոտոնություն է մատուցվում, Գայանեի մեջ կա այդ մոնոտոնությունը:

Դավիթ Թադևոսյան
Հետաքրքիր մի բան ասեմ. Դավթին ուսանողական տարիներից գիտեմ և միշտ համարում էի անհետաքրքիր դերասան: Ներողություն, որ այդպես եմ մտածել, բայց միշտ ինքս ինձ հարցում էի` նա կապ ունի՞ դերասանական արվեստի հետ: Սակայն թե´ «Եզրագծից այն կողմում», թե´ «Սիրահարված տաքսիստում» Դավիթն իսկապես բացահայտում է իր դերասանական շնորհները: Չասեմ, որ շատ հարուստ են արտահայտչամիջոցները, բայց համոզիչ և հետաքրքիր են: Կարողանում է համադրել դրամատիկականն ու կատակերգականը. արդարացնել, հիմնավորել և, ամենակարևորը, հուզել: Երբ դերասանը հուզում է, նշանակում է` ճիշտ է մատուցում հերոսին, նրա հոգեվիճակն ու մտորումները: Դավթին դա հաջողվում է:

Աննա Պանի
Վատ դերասանուհի է: Ներողություն, որ դաժան եմ ասում, բայց կապ չունի դերասանական արվեստի հետ: Միագույն, միապաղաղ, անհետաքրքիր, կերպարայնությունից զուրկ... Ընդամենը տեքստ է արտաբերում: Չեն փոխվում գույները, հոգեվիճակը, նկարագիրը: Չես ուզում նայել:

Ալեքսանդր Բաբասյան
Քանի որ էլի պրոֆեսիոնալ չէ, կապ չունի դերասանական արվեստի հետ: Արտաքնապես հաճելի տիպաժ է, բայց դերասանական շնորհներից զուրկ է: Մի պահ նայեցի «Գեներալի աղջիկը» սերիալում ինչ-որ դրամատիկական կտոր, երբ տանից հեռացել էր, փորձում էր տպավորիչ լինել` իր շնորհների և կարողությունների սահմաններում: Էկրանային հետաքրքիր տիպար է, բայց ոչ դերասան:
Վարդան Հովսեփյան
Վարդանի դերասանական շնորհներն ու արտահայտչամիջոցները բավականին զուսպ են և աղքատ, բայց հետաքրքիր արտաքին ունի` մի քիչ եվրոպական: Փորձում է, բայց դերասանական խիստ սահմանափակ արտահայտչականություն ունենալու պատճառով չի կարողանում հասնել վերջնական արդյունքի: Սակայն էկրանից սիրվող անձնավորություն է, որովհետև գեղեցիկ և հմայիչ է:
Անի Երանյան
Իմ կարծիքով` նա դերասանուհի չէ: Ինչ դեր էլ խաղում է` շատ միօրինակ, միապաղաղ, չհիմնավորված ագրեսիայով է ներկայացնում: Չի կարողանում ստեղծել կերպար, կերպարային զգացողություն չունի: Դժվար է համաձայնել Անիի էկրանային հերոսների հետ, որովհետև չափազանց միագույն ու միապաղաղ են, կենսագրություն չունեն: Դա գալիս է դերասանուհու կերպավորման արվեստին չտիրապետելուց: Շատ լավ աղջիկ է, լավ երգում է, բայց ամեն լավ երգող լավ դերասան չէ:
Աննա Հարությունյան
Աննան լավ, հետաքրքիր դերասանուհի է, ավելի շատ հակված դեպի կատակերգական դերերը: Օրինակ` նա խաղում է «Սիրահարված տաքսիստը» պիեսի բեմադրության մեջ, որի բեմական տարբերակի հեղինակը ես եմ, ու հմայված եմ Աննայով: Նույնը չեմ ասի էկրանից երևացող նրա հերոսուհիների մասին. դարձյալ միօրինակ է, միապաղաղ, չարդարացված ագրեսիայով: Կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցն ասում է` «մուննաթով» են խոսում, Աննայի մոտ էլ կա այդ «մուննաթը»: Զարմանալի է, որ ունենալով շատ հարուստ արտահայտչականություն` այդ ամենն էկրանից չի մատուցում բավարար չափով: Սակայն Աննան շատ հետաքրքիր և ինքնատիպ դերասանուհի է:

Էթերի Ոսկանյան
Սա այն դեպքերից է, երբ ընդամենը տիպաժն է էկրանին և չես ուզում դիտել: Գիտեմ, որ կրթությամբ դերասանուհի չէ, և դա չափազանց ակնհայտ է: Այս տեսակը վաղուց արդեն անընդունելի է, որովհետև անընդհատ նույն գույնի, վիճակի մեջ հայտնվելը խոսում է այն մասին, որ չկա դերասանական կատարում, կերպարի հետազոտում և ստեղծում: Երևի, որ պրոֆեսիոնալ չէ, չես կարող պահանջ ներկայացնել:

Հայկ Աֆրիկյան
Մոտ մեկ ամիս առաջ հայկական էկրանների սեքս սիմվոլների մասին ինչ-որ հաղորդում դիտեցի, Հայկն այդ ցուցակում էր, այդտեղ էլ պետք է մնա: Նրա մեջ դերասանի չեմ տեսնում: Հայկին վաղուց գիտեմ` ինստիտուտից. երբեք հետաքրքրություն չի առաջացրել իր նկատմամբ: Դարձյալ շատ միապաղաղ է և միօրինակ, չի տիրապետում իր խոսքին, մարմնին, չի կարողանում ճիշտ մատուցել իր հերոսի հոգեվիճակը: Այն տպավորությունն է, որ գործ ունես ոչ պրոֆեսիոնալի հետ, բայց նա պրոֆեսիոնալ ռեժիսորական կրթություն ունի:

Մարիամ Շահինյան
Հետաքրքիր դերասանուհի է բնութագրի հետաքրքիր զգացողությամբ: Հակված է դեպի էքսցենտրիկ կերպարները և դրանով հետաքրքիր է: Հարուստ չէ դերասանուհու գունային զինանոցը, բայց նա կարողանում է իր հնարավորությունները շատ ճիշտ մատուցել և ստեղծել էկրանային համոզիչ կերպար:

Գրիգոր Գալստյան
Դերասանական արվեստի հետ բնավ կապ չունի: Ճանաչում եմ, որպես մարդ` շատ լավ անձնավորություն է, բայց ընդամենը տիպաժ է, որին նկարահանում են:




