Պետական ապարատի թերի ֆունկցիոնալության առհավատչյան դրա առանձին կառույցների ողջամտությունից զուրկ հակասական գործողություններն են, որոնց դասին էլ, անկասկած, կարելի է դասել Դելֆինարիումի պատմությունը։
Եթե հիշում եք, երկու տարի առաջ շատ մեծ աղմուկով ու հասարակական հակասական վերաբերմունքի ներքո Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում կառուցվեց Դելֆինարիումը, ու պետք է խոստովանեմ, որ մեծ հաշվով այն ավելի շուտ դրական ազդեցություն ունեցավ, քան բացասական, քանզի մի երկու ծառի պակասելը առանձնապես մարդ չնկատեց, պանթեոնի մոտ էլ ոնց այցելուների հերթ չկար մինչ Դելֆինարիումի կառուցումը, այնպես էլ չեղավ դրա կառուցումից հետո, բայց փոխարենը հարյուրավոր երեխաներ անմոռանալի հաճելի պահեր ունեցան։
Հիմա՝ կառուցումից ընդամենը երկու տարի անց, հայտարարվում է, որ այն այլևս սպառել է իրեն ու պետք է դեմոնտաժի ենթարկվի։ Որտե՞ղ է տրամաբանությունը, բացատրեք ինձ։ Ինչքան գիտեմ, թղթից չէին պատրաստել Դելֆինարիումը, որ երկու տարվա մեջ այնպես մաշվեր, որ ստիպված դեմոնտաժի ենթարկեին։ Ասեմ ավելին, չի էլ ասվում, թե դեմոնտաժից հետո ինչ է արվելու։ Ըստ էության, եթե ասենք ծառեր տնկեին ու տարածքը նորից այգի սարքեին, ես այդքան չէի առարկի, կմնար մենակ երկու տարվա մեջ այդքան փող ծախսելու անիմաստության հարցը, բայց չեմ կարծում, որ ազատված տարածքում պատրաստվում են ինչ-որ հանրօգուտ բան անել։ Ցավոք, մեր փորձը ցույց է տալիս, որ Դելֆինարիումի տեղը կկառուցեն ինչ-որ մի «օբեկտ» կամ էլ, ինչո՞ւ ոչ, հերթական «Սիթին»...
Մարդ հոգնում է անգամ մատնանշելուց մեր իշխանավորների թերություններն ու թերացումները, այնքան շատ են դրանք, ուր մնաց թե պայքարելու ուժ մնա։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/desicdenicblog/posts/159989720823726
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել