Հայտնի լինես, թե շարքային մեկը, միևնույնն է, բոլորիս համար էլ ընտանիքն առաջին տեղում է: Հայտնի մարդիկ հաճախ են դժգոհում, որ բավականաչափ ժամանակ չեն կարողանում անցկացնել ընտանիքի հետ, էլ ուր մնացին նրանք, որոնց ընտանիքի մյուս անդամներն էլ են հայտնի ու միշտ զբաղված: Հատկապես որ հայտնի լինելը կապված է ճանաչման և փառքի հետ: Իսկ ինչ-ինչ, բայց փառքը «կիսելը» հեշտ գործ չէ` հատկապես երբ այն «կիսում» ես ընտանիքիդ անդամների, հարազատների հետ: Ուրեմն` ընտանիքի միջազգային օրվա` մայիսի 15-ի առթիվ հենց մեր շոու-բիզնեսի հայտնի ընտանիքներից էլ փորձեցինք պարզել, թե ինչպես են պայքարում մրցակցության, եսասիրության կամ մեծամտության դեմ, ինչպես նաև` հասցնո՞ւմ են ընտանիքով հաճելի ժամանակ անցկացնել:

 

 

 

Ամիրյաններ

Ամիրյանների ընտանիքը ճանաչված ու սիրված է ոչ միայն շոու-բիզնեսի, այլև իսկական էլիտայի ներկայացուցիչների կողմից, որի մի մասն էլ հենց իրենք են: Արտավազդի ասելով, իրենց մեջ երբեք տարաձայնություններ չեն լինում` հատկապես մասնագիտական առումով, որովհետև ընտանիքը միշտ առաջնային տեղում է: «Ընտանիքի անդամներից, հատկապես հորեղբորիցս` Արմեն Ամիրյանից, հաճախ եմ խորհուրդ հարցնում, բայց բնավորությունս այնպիսին է, որ շատ դժվար եմ հետ կանգնում իմ նախագծերից, իհարկե, երբեմն դրա համար նաև փոշմանում եմ :) «Տարաձայնություններ չլինել չեն կարող, հատկապես որ մեծ նշանակություն ունի տարիքային տարբերությունը, սակայն հորեղբայրս առաջադեմ հայացքներ ունի, և միշտ գտնում ենք բոլորիս համար ընդունելի տարբերակը»,- նշեց Արտավազդը:

Արմեն Ամիրյանի որդին` Հայկը, ով սովորում է ԵԹԿՊԻ արվեստի կառավարում բաժնի մագիստրատուրա 1-ին կուրսում, թեև մեծացել է հայտնի մարդկանց շրջապատում, բայց երբեք չի գոռոզացել և իր հայտնի ազգանունն էլ  չի օգտագործում արդյունքի հեշտ հասնելու համար: «Անունը և ազգանունը այն եզակի բաներն են, որ ծնվելիս մենք չենք ընտրում: Հայտնի ազգանուն ունենալը շատ պարտավորեցնող է, բայց և հաճելի: Իմ շրջապատի մարդկանց մեջ կան և´ հայտնի, և´ ոչ այնքան հայտնիներ, և ինստիտուտում էլ ես հավասարը հավասարին եմ բոլորի հետ, ունեմ նույն պարտականություններն ու իրավունքները: Բայց, իհարկե, շատ հպարտ եմ, որ Ամիրյան եմ»,- նշեց Հայկը: Իսկ քույրը` Սեդան, ով այժմ սովորում է դպրոցի ավարտական դասարանում, կարծես թե բռնել է զարմուհու` երգչուհի, հաղորդավարուհի Անի Ամիրյանի ճանապարհը: Սեդան, ում փոքր տարիքում բոլորս գիտեին քորպես Սեդուլիկ, խոստովանեց, որ իրեն հետագայում շոու-բիզնեսի ոլորտում չի տեսնում: «Երգն ինձ համար հոբբի է, հեռուստատեսությունն ավելի շատ եմ սիրում և գուցե ապագայում որևէ հաղորդում վարեմ: Սակայն առայժմ պարապում եմ ընդունելության քննությունների համար: Հաճելի է, երբ քեզ դեռ հիշում են ու ճանաչում, բայց միայն հենց ազգանվանս շնորհիվ դպրոցում դեռ լավ գնահատական չեն դրել»,- վստահեցրեց Սեդան:

Ամիրյաններն իրար հետ ժամանակ անցկացնելուց երբեք  չեն հոգնում և ամեն երեկո անպայման հանդիպում են կամ հավաքվում որևէ մեկի տանը: «Մոտ ենք ապրում, ու կա´մ իրենք են գալիս մերտուն, կա´մ էլ մենք ենք գնում, միասին ֆիլմ ենք դիտում, լոտո կամ «կարտ» խաղում»,- պատմեց Արտավազդը:

 

 

 

Ավո Խալաթյան-Նունե Եսայան

Այս տարի լրանում է աստղային այս ընտանիքի ամուսնության 5 տարին: Ըստ Նունե Եսայանի` այդ տարիների ընթացքում իրենց հարաբերությունները ոչ միայն չեն փոխվել, այլև նոր ու ավելի դրական փուլ են թևակոխել: «Չգիտեմ` սրանից բացի այլ փուլ կա՞, թե՞ ոչ, բայց այժմ  հաստատ շատ գեղեցիկ շրջան է. ամեն ինչ ասես իր հունի մեջ է ընկել` իհարկե, խռովություններ էլ են լինում, մեղրամիս էլ :)»,- նշեց Նունեն: Ավոյի խոստովանմամբ` իրենք ցանկացած հարց լուծում են ընտանեկան ժողովի ժամանակ, և ընդունվում են երկուսի կողմից էլ ընդունելի տարբերակները: «Այն, որ երկուսս էլ աշխատում ենք նույն բնագավառում, երբեք չի խանգարում, կարելի է ասել` հաճելին համատեղում ենք օգտակարի հետ: Հատկապես մասնագիտական հարցերում ենք միշտ խորհրդակցում: Իհարկե, լինում են հարցեր, որոնց վերաբերյալ տարաձայնություններ ենք ունենում, բայց միշտ փորձում ենք ընդհանուր հայտարարի գալ` չնայած լինում են նաև հարցեր, որոնց շուրջ այդպես էլ համաձայնության չենք գալիս»,- ասաց Ավոն: Ըստ նրա` եթե տարաձայնություններ լինում էլ են, չեն էլ մտածում` ով էր վիճողը, միանգամից փորձում են հաշտվել: «Մեզ մոտ վիճելն ու հաշտվելը շատ արագ է ստացվում: Միշտ փորձում ենք` որքան հնարավոր է շուտ հաշտվել»,- հավելեց երգիչ դերասանը:

Նունեի խոստովանմամբ` ամուսինն իրեն անակնկալներ հաճախ է մատուցում` հատկապես իրենց հանդիպման օրը, իսկ թե այս տարի ի՞նչ է պատրաստել, թող անակնկալ մնա :)

 

 

Սիրուշո, Սյուզան Մարգարյան, Հրաչյա Հարությունյան

Շատերի համար չափանիշ դարձած այս ընտանիքում էլ, չնայած մշտական զբաղվածությանը, ընտանիքն առաջնային տեղում է, և նրանք միշտ պատեհ առիթը բաց չեն թողնում միմյանց հանդիպելու: Թեև հաճախ են մասնագիտական առումով խորհրդակցում, բայց յուրաքանչյուրն էլ պահպանում է իր անհատականությունը: «Կարծում եմ, ես իմ ապրելակերպով եմ ապացուցել, թե ինձ համար ընտանիքը որքան կարևոր է և, անգամ շատ զբաղված լինելով, մենք միշտ ժամանակ ենք գտել միասին լինելու համար: Իհարկե, մասնագիտական առումով իրար խորհուրդներ հաճախ ենք տալիս, բայց բոլորի կարծիքն էլ միշտ կարևոր է եղել, և ոչ մեկի անհատականությունը չի տուժել դրանց արդյունքում»,- նշեց Սյուզան Մարգարյանը: Նա խոստովանեց, որ իրենց ընտանիքում էլ են շատ խոսակցություններ եղել տղա ունենալու մասին: «Ամուսինս միշտ երազել է տղա ունենալ և հիմա էլ, իհարկե ոչ ուղղակի, բայց իր խոսքից հասկանում եմ, որ շատ կուզեր տղա ունենալ: Հրաչյան հանգիստ բնավորություն ունի, երբեմն կատակում եմ, որ եթե այդ հարցում ավելի պահանջկոտ լիներ, տղա էլ կունենայինք»- նշեց Սյուզանը:

Պարզվեց` Սիրուշոն շատ հաճախ է իրենց հյուր գնում, և հոր ու աղջկա միջև ընկերությունը չի տուժել նրա ամուսնությունից հետո: Սյուզան Մարգարյանի ասելով` Սիրուշոն միշտ էլ շատ ուշադիր է և սովորաբար բոլոր տոներին անակնկալներ է մատուցում: «Սիրուշոն միշտ կարողանում է հաճելի անակնկալներ մատուցել. հատկապես կանանց տոների առթիվ թե´ Սիրուշոն, թե´ ամուսինս երբեք չեն մոռանում ինձ շնորհավորել: Բացի այդ, Սիրուշոն շատ հաճախ է մեր տանը լինում: Մինչև ամուսնանալը ես ամեն ինչ ավելի բարդ էի պատկերացնում, բայց հիմա մտածում եմ, որ եթե ինքը երջանիկ է, դա էլ է ինձ բավական»,- ընդգծեց երգչուհին:

 

 

Հակոբյաններ

Հակոբյանների ընտանիքում, թերևս, միայն մայրն է, որ հայտնի անուն չէ, թեև նրան էլ գրեթե բոլորը ճանաչում են որպես հայտնի երեխաների մայր: Սիլվայի ասելով` դա ամեն ինչ միասին անելու շնորհիվ է` հատկապես որ լավ էլ ստացվում է :)

«Միշտ առաջնորդվում ենք բոլորս բոլորիս համար նշանաբանով, ու ընտանիքն էլ առաջնային դեր ունի մեր կյանքում: Եթե երբևէ կանգնեմ ընտանիք, թե կարիերա երկընտրանքի առջև, հաստատ կընտրեմ ընտանիքը, բայց հուսով եմ` նման բանի կարիք չի լինի»,- նշեց Սիլվան: Իր գաղտնիքներն էլ նա վստահում է Մանեին կամ մայրիկին: «Գրեթե ամեն օր հավաքվում ենք, խոսում մեր ծրագրերից, քննարկում, երբեմն որևէ երգի հետ կապված տարաձայնություններ լինում են, բայց դրանց երբեք լուրջ չենք վերաբերվում: Չնայած բոլորիս խոսքն էլ կարևոր է, բայց վճռականը հայրիկիս որոշումն է»,- ասաց Սիլվան: Ու եթե նա ընտանիքի և կարիերայի միջև ընտրելիս նախապատվությունը ընտանիքին կտար, Մանեն արդեն իսկ համատեղում է այդ երկուսը:«Ընդհանրապես մարդ ինչքան զբաղված է լինում, այնքան շատ բան է հասցնում: Իմ պարագայում ամուսնությունն ընդհանրապես չի խանգարում աշխատանքին: Մինչ ամուսնանալը մեր ընտանիքները երկար ժամանակ ճանաչել են իրար և մտերիմ եղել: Հիմա ամուսինս, եթե չի օգնում, հաստատ չի էլ խանգարում»,- վստահեցրեց Մանեն: Պարզվեց` Մանեի ամուսնությունից հետո ֆինանսական հարցերում էլ նրանք հակասություններ չենունեցել: «Ամեն ինչ առաջվա նման է: Մեզ հետ կապված բոլոր հարցերով, այդ թվում նաև` ֆինանսական, այժմ էլ հայրս է զբաղվում»,- հավելեց Մանեն:

 

 

 

Ալավերդյաններ

Ալավերդյանների ընտանիքում միանգամից 4-ն են հայտնի` Անուշիկ և Արևիկ Ալավերդյանները, եղբայրը` կիթառահար Հովակ Ալավերդյանը և նրանց հայրը` Սարգիս Ալավերդյանը: Աղջիկների պնդմամբ` իրենց մոտ մրցակցություն երբեք չի եղել: «Հայրս սկզբում դեմ էր երաժշտական այն ուղուն, որ ընտրեցինք, մեզ ժողովրդական երգեր կատարելիս էր պատկերացնում, բայց հետո համակերպվեց ու հարգեց մեր որոշումը: Հիմա հաճախ ինքն էլ է խորհուրդներ տալիս»,- նշեց Անուշիկը: Արևիկն էլ խոստովանեց, որ թեև իրենք բնավորությամբ և երաժշտական ճաշակներով տարբեր են, բայց միշտ փորձում են համաձայնության գալ: «Տարաձայնություններ, իհարկե, լինում են, բայց միայն վոկալի, երգերի հետ կապված: Ճիշտ է, ես ու եղբայրս մանկուց ավելի մտերիմ ենք եղել, քան Անուշիկի հետ, բայց շատ է եղել, որ հագուստի կամ երգի ընտրության հարցում խորհրդակցել ենք միմյանց հետ»,- նշեց Արևիկը: «Միշտ հորդորել եմ, որ ընտրեն այլ ոճ, բայց կարծում եմ, եթե մարդ մի բան հաճույքով չի անում, լավ չէ, այդպես էլ արդյունքի չի հասնի: Նրանք տանը միշտ էլ լսել են ազգային երաժշտություն, այդ ոճում երգեր էլ են կատարում, սակայն ափսոս, որ միայն տանն են դա անում»,- նշեց Սրագիս Ալավերդյանը: Չնայած ոճերի տարբերությանը` Արևիկն ասաց, որ իրենք պատրաստվում են համատեղ ծրագիր ներկայացնել` ժամանակակից և ժողովրդական ոճերի խառնուրդ, բայց դա կլինի հաջորդ տարի, իսկ այս տարի բոլորն էլ կներկայացնեն իրենց անհատական գործերը:

 

 

 

Ութմազյաններ

Ութմազյանների ընտանիքում էլ միանգամից մի քանիսն են տաղանդավոր ու ճանաչված` տատիկից մինչև թոռնիկ` Հրաչուհի Ջինանյան, Արթուր Ութմազյան և Հրաչուհի Ութմազյան: Հրաչուհին, ով այժմ իրեն փորձում է նաև ամսագրի գլխավոր խմբագրի դերում, նշեց, որ իրենց ընտանիքում բոլոր հարցերը միշտ միասին են քննարկել: «Հայրս միշտ ասում է. մարդ երջանիկ է, երբ առավոտյան գնում է աշխատանքի և երեկոյան վերադառնում տուն: Ընտանիքի դերը միշտ էլ կարևոր է եղել իմ կյանքում, ու իմ ամենակարևոր ուսուցիչներն էլ նրանք են եղել` հայրս, մայրս, տատիկս` Հրաչուհի Ջինանյանը, ումից մասնագիտական առումով ամենից շատն եմ սովորել, քեռիս, հորեղբայրս... Մենք միշտ միասին ենք լուծում ցանկացած հարց կամ խնդիր, որ ծագում է, և անգամ մայրս, ով մասնագիտությամբ մոդելավորող է, միշտ հարցնում է իմ կարծիքն իր մոդելների վերաբերյալ: Տարաձայնություններ, իհարկե, լինում են, բայց դրանք երբեք գլոբալի չեն վերածվում՚,- նշեց Հրաչուհին:

Նա Ութմազյանների ընտանիքի միակ ժառանգն է, ով ծնողների համար նաև ընկեր է: «Հայրս միշտ ընդամենը մի պայման է դրել մայրիկիս առջև, որ իրենց երեխան համով լինի ու, փաստորեն, ծնվել եմ ես :) Հայրս ինձ համար միշտ էլ  իդեալ է եղել, ես էլ փորձել եմ նրա համար միշտ աղջկանից բացի նաև ընկեր լինել. միասին անգամ ֆուտբոլ դիտելու ենք գնացել: Բայց նա երբեք չի  ցանկացել ինձ փոխել»,- վստահեցրեց Հրաչուհին: Նա պնդեց, որ երբևէ մտադիր չէ փոխելիր հայտնի ազգանունը: «Ինչ էլ փոխեմ, մեկ է, ինձ բոլորը որպես Ութմազյան են ճանաչելու, բայց իմ երազանքն է երկու տղա ունենալ, և նրանցից մեկին տալ Ութմազյան ազգանունը»,- անկեղծացավ Հրաչուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել