Մեր օրգանիզմը դժվարությամբ կհաղթահարի ձմռան հետեւանքները, եթե չփորձենք օգնել նրան: Օրգանիզմի վիտամինային ֆոնդը վերականգնել պետք է հատկապես գարնան սկզբին, երբ նա ձգտում է արթնանալ, բայց ուժերը չեն հերիքում: Մրգային եւ բանջարեղենային կոկտեյլները, որ կարող եք ինքներդ պատրաստել տնային պայմաններում, հրաշալի տարբերակ են օրը սկսելու համար: Ստիպեք, որ դրանցից օգուտներ քաղեն նաեւ ընտանիքի անդամները:
Ահա գարնանային կոկտեյլների մի քանի տարբերակ, որոնք ե´ւ օգտակար են, ե´ւ համեղ:

Գազարի կոկտեյլ

Կես կիլոգրամ գազարը քերել, լցնել եռացրած, բայց արդեն սառած ջրի մեջ եւ թողնել՝ թրմվի: Երեք ժամից քամել եւ ստացված հյութին ավելացնել կես բաժակ լորամրգու (клюква) հյութ եւ մեղր՝ ըստ ճաշակի: «Արեւահամ» օրն ապահովված է:

Ցիտրուսային կոկտեյլ

Եռացող ջրի մեջ գցեք մի կտոր ցանկացած ցիտրուսային մրգից՝ կիտրոն, նարինջ, թուրինջ: Բուրավետ հյութը լցրեք բաժակների մեջ, ավելացրեք մեկական ճաշի գդալ գինի եւ մի քիչ մեղր: Աստվածային համով ըմպելիքը պատրաստ է:

Մասուրով-մեղրով կոկտեյլ

Գրտնակով մանրացրեք մասուրի չոր պտուղները, լցրեք մեղրի մեջ: Այժմ այս մասրային մեղրով կարող եք հյութ կամ թեյ պատրաստել յուրաքանչյուր առավոտյան եւ երեկոյան: Բացի այն, որ յուրահատուկ համ ունի, նաեւ շատ օգտակար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել