Վարչապետ Կարապետյանի՝ տնտեսությունն աշխուժացնելու փորձերը կարծես թե տալիս են առաջին ծիլերը: Վերջերս բազմաթիվ են հրապարակումներն այն մասին, որ Հայաստանի ներդրումային գրավչությունը բավականին աճել է. տարբեր երկրներից մի շարք ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում ներդրումների իրականացմամբ: Ուշագրավ է հատկապես այն, որ մասնագետները խոսում են փաստերով, նշում, որ արդեն կան ներդրումային լուրջ հայտեր: Մեծ է հետաքրքրությունը հատկապես Քուվեյթի, իրանական, եվրոպական ներդրողների կողմից Հայաստանում բիզնես սկսելու առումով:
Ինչպես պարզ է դառնում, օտարերկրյկա ներդրողները մեր երկրում հետաքրքրված են ամենատարբեր ոլորտներով՝ գյուղատնտեսություն, պահածոների արտադրություն, ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմոցների գործարկում, հանքարդյունաբերություն, մեքենաշինություն, հետաքրքիր առաջարկներ կան նաեւ արեւային էներգետիկայի ոլորտում: Կան անգամ ներդրողներ, որոնք հողեր են վերցրել եւ ջերմոցներ են կառուցում:
Կարծում եմ՝ ներդրումային նման հայտերի առկայությունն ինքնին հուսադրող է, ինչը, անխոս, պատահական չի լինում: Կառավարության կողմից գործարար աշխարհին ուղղված ազդակների շնորհիվ է, որ Հայաստանը ներդրումային առումով սկսում է ավելի գրավիչ դառնալ: Ուշագրավ է, որ ներդրումային հայտերը վերաբերում են ոչ թե մեկ կամ երկու, այլ մի քանի տարբեր ոլորտների: Նման բազմազանությունը, կարծում եմ, կարող է խթանել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը:
Ի դեպ՝ համագործակցության առաջարկներ կան նաեւ զբոսաշրջության ոլորտում: Երեկ պարզ դարձավ, որ իրանցի, արաբական եւ եվրոպական երկրների ներդրողները ոչ պակաս հետաքրքրված են նաեւ Հայաստանի հետ զբոսաշրջային ծրագրեր իրականացնելով: Սա միանշանակ թույլ կտա զբոսաշրջիկների նոր հոսք ուղղել դեպի Հայաստան: