ՀՀ Պն լրատվության ծառայությունից տեղեկացնում են, որ ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լեոն Պանետտայի հետ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Քարտուղար Պանետտան ողջունել է պաշտպանական բնագավառում Հայաստանում իրականացվող բարեփոխումները և հաստատել է այս  ուղղությամբ ՀՀ պաշտպանության նախարարությանն աջակցելու ԱՄՆ պատրաստակամությունը, շնորհակալություն է հայտնել Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող առաքելություններին Հայաստանի նշանակալից աջակցության համար:
ՀՀ պաշտպանության նախարարն իր խոսքում նշել է, որ Հայաստանը հստակ քայլերով շարունակելու է իրականացնել Զինված ուժերի զարգացման ծրագիրը, ինչի ընթացքում ակնկալելու է բոլոր գործընկերների, ներառյալ ԱՄՆ աջակցությունը:Սեյրան Օհանյանը հաստատել է նաև միջազգային կոալիցիոն գործողություններին հայ խաղաղապահների ներգրավվածությունը շարունակելու պատրաստակամությունը:

Վաշինգտոնում Սեյրան Օհանյանը նաև հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Դեվիդ Պետրեուսի, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալներ Ֆիլիպ Գորդոնի և Էնդրյու Շապիրոյի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ-ում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Ամերիկյան կողմը կրկին բարձր է գնահատել  Հայաստանի Հանրապետությունում պաշտպանական բնագավառում իրականացվող բարեփոխումների ընթացքը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել