Հայ թատերարվեստի սիրելի գործիչներ,

Թատրոնը բոլոր ժամանակներում հայերիս համար իր ուրույն և անփոխարինելի տեղն ու դերն է ունեցել: Հետևաբար և հայ մարդը հաճախ իրեն հուզող խնդիրների եւ հարցերի պատասխանները փնտրել ու գտել է բեմում:
Վստահ եմ, ինքներդ էլ հաճախ առիթ ունեցել եք համոզվելու, որ հասարակությունը ձեզ իրապես սիրում ու գնահատում է: Եվ դա անկեղծ է, քանզի ձեր կերտած կերպարները հավերժորեն ապրում են հասարակության հիշողության մեջ, դաստիարակում գեղեցիկի, բարու և արդարի վեհ գաղափարներով՝ դժվարին ժամանակներում ժողովրդի մեջ նաև վառ պահելով հավատը վաղվա օրվա նկատմամբ:
Այսօր էլ դուք շարունակում եք ձեր մեծ ավանդը բերել հոգևոր արժեքների պահպանման, տարածման ու զարգացման գործում` արդյունքում նպաստելով մեր երկրի, պետության ամրապնդմանն ու հզորացմանը։ Ու այսօր, շնորհավորելով ձեզ Թատրոնի միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ ձեզ հաստատակամ մնալ ու հավատարիմ լինել ձեր կոչմանը:
Մաղթում եմ նաև ստեղծագործական նորանոր հաջողություններ։ Շարունակեք հիացնել հանդիսատեսին ձեր ինքնատիպ ու սպասված բեմադրություններով, հրաշալի դերակատարումներով: Քաջառողջություն, երջանկություն ու երկար տարիների բեղմնավոր գործունեություն՝ թատերարվեստն ըստ արժանվույն գնահատող ու սիրող հանդիսատեսով լի դահլիճներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել