2016 թվականը Հայաստանի տնտեսության համար լի էր իրադարձություններով: 2016 թվականը նախ կարևոր էր էներգակիրների սակագների փոփոխության, վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման, պետական ապարատի օպտիմալացման տեսանկյունից:
Ինչևէ: Նախորդ տարում տնտեսվարողների համար գլխացավանք էր դարձել Լարսի անցակետը: Գաղտնիք չէ, որ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածը տարվա ընթացքում առնվազն մի քանի անգամ փակվում է, ինչը լուրջ խոչընդոտներ է առաջացնում արտահանման համար:
Պետական մակարդակով բազմիցս խոսվել է ալտերնատիվ եղանակ գտնելու մասին: Քննարկվել է լաստանավերով բեռնափոխադրում իրականացնելու հարցը: Սա առաջնահերթ խնդիր է, քանի որ գյուղմթերքի՝ դեպի ՌԴ արտահանաման ամենապիկ սեզոնին խոչընդոտների ռիսկը մշտապես բարձր է մնում:
Նախորդ տարում կարևոր իրադարձություններից կարելի է համարել արտահանմամբ զբաղվող խոշոր ընկերության կողմից պտուղ-բանջարեղենի արտահանումը լաստանավերով իրականացրելու մշակույթ ձևավորելը: Պտուղբանջարեղենի արտահանումների գործընթացն անխափան իրականացնելու նպատակով ընկերությունը վարձակալել էր երեք լաստանավ, որոնցով «Փոթի» նավահանգստից երկու օրը մեկ պարբերականությամբ բեռնափոխադրումներ իրականացվեցին դեպի Նովոռոսիյսկ և հակառակ ուղղությամբ:
Լաստանավերով բեռնափոխադրումներ իրականացնելն առաջին հերթին նվազեցնում է գյուղատնտեսական արտադրանքի փչանալու ռիսկերը: Այս եղանակը կարող են օգտագործել նաև պտուղ-բանջարեղենի մթերմամբ զբաղվող այլ խոշոր կազմակերպություններ, քանի որ Լարսի անցակետի խնդիրը մշտապես ակտուալ է: