Երբ ասում ենք հերոս, շատ մարդիկ հերոս բառի հետ կապում են այն մարդկանց, որոնց անունները ամեն տեղ հիշատակվում է` թե՛ պատմության գրքերում, թե նրանց անունով փողոցներում և թե՛ նրանց անունով դպրոցներում կամ ինչ-որ շենքում, սակայն կան հազարավոր հերոսներ, որոնք ննջում են Եռաբլուրում կամ մեկ ուրիշ գերեզմանատանը կամ էլ համարվում են անհետ կորած (կա՛մ մարմինը չեն գտել, կա՛մ պայթել է, կա՛մ, կա՛մ, կա՛մ), որոնց մասին շատ քչերն են լսել և որոնց մասին հիշատակվում է միայն նրանց ազգականների, մոտիկների, հարազատների շրջանում։

Երանի գա մի օր, որ հերոս բառը կապենք ոչ թե մարդու «հայտնի» լինելու հետ, այլ նրա, որ մարդ առանց որևէ պարտադրանքի, իր սեփական կամքով գնացել և կռվել է, պայքարել է, հանուն ինձ ու հանուն ձեզ իր կյանքն է զոհել։ Բոլոր այդ մարդիկ իմ համար հերոս են, քանի որ հերոս չեն ծնվում, հերոս դառնում են։ Հուսով եմ, որ կգա մի օր, որ Մոնթեի, Վազգենի, Նժդեհի, Բեկորի (Աշոտի), Թաթուլի, Չաուշի և մնացած այլ վառ հերոսների կողքին կլինեն այն հերոսները, որոնք անունները հնչել են միայն այն ժամանակ, երբ կարդացել են մահացածների անունները։ Եկեք համաձայնվենք, որ հերոսների մեջ ջոկողություն դնելը անշնորհքություն է։ Ի՞նչ կապ ունի թե հերոսը ինչպես է մահացել, եղել է հրամանատա՞ր, թե՞, ասենք, շարքային, խոհարար։ Միևնույն է, նա իմ և ձեզ համար է մահացել, որ մենք այսօր ապրենք և հիշենք բոլոր նրանց, ում շնորհիվ մենք կանք ու ապրում ենք։

Ու ամենամեծ անշնորհքությունը նա է, երբ մեր կողքով քայլում է (կամ սայլակով անցնում է) հերոս, իրական հերոս, ում մենք չենք ճանաչում, կառավարությունն էլ վաղուց մոռացել է (դե մի երկու կոպեկ թոշակը հիշել չի), իսկ նա, ո՞վ գիտի, թե մտքում ինչ է մտածում։ Ես ամաչում եմ, երբ երթուղայինում երիտասարդները տեղ չեն զիջում մեծահասակներին, ամաչում եմ, երբ տարեց պապիները (որոնք հաստատ մասնակցել են պատերազմին) այսօր ցրտին նստած գումար են «մուրում», որպեսզի ապրեն։ Հիմա այդ մարդիկ պետք է իրենց արժանի հանգիստը ու ծերությունը վայելեին, թեկուզ ծերանոցում, բայց իրենց արածին համարժեք ու վայել։ Մենք հերոսածին ազգ ենք, մեզ չի սազում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել