Զորի Բալայանի հոդվածի արժեքը

Անցած տարվա հուլիսին կարդացի Զորի Բալայանի հոդվածը՝ կապված Վահե Ավետյանի ողբերգական մահվան հետ: Անկեղծ տպավորված էի եւ հուզված: Տպավորված էի, որ կարդում էի մեծ լրագրող-գործչի հավասարակշռված վերլուծությունն ու ափսոսանքը տուժողի եւ մեղավորների համար: Հոդվածում առանցքային էր տուժողի եւ մեղավորների երեխաների անխուսափելի որբանալու հեռանկարը, մի դեպքում ընդմիշտ, մյուս դեպքում՝ ժամանակավոր: Ամեն դեպքում ուրախացել էի, որ Զորի Բալայանի նման հեղինակությունը լրացնում է հանրային ցավերով ապրողների բանակը, իսկ նրա ներգրավվելն այդ պրոցեսներին չէր կարող անհետեւանք մնալ, որովհետեւ լրագրողական միտքը եւ ղարաբաղյան շարժման անցած ճանապարհի ահռելի փորձը շատ մեծ օգնություն կարող էր լինել «Վահե Ավետյան» շարժման համար:

Ինչեւէ:

Անցավ մեկ ամիս, եւ պարզ դարձավ, որ կառավարությանը պետք էր ընդամենը 200 միլիոն դրամ՝ Բալայանի հաջորդ հոդվածներից երկար ժամանակ խուսափելու համար: Եւ կառավարությունը տրամադրեց այդ գումարը,  Կիլիկիա առագաստանավի հետագա ճանապարհորդությունների համար: Մի բան պարզ չի. մի կողմից կառավարությունը մերժում է մինիմում աշխատավարձի շեմը բարձրացնել մինչեւ 72000 դրամ՝ պատճառաբանելով, որ երկիրը միջոցներ չունի, իսկ այդ անհրաժեշտ միջոցները ընդամենը 2 միլիարդ դրամի կարգի է, մյուս կողմից 200 միլիոն դրամ տալիս է Զորի Բալայանին, որ իր սրտի ուզածի չափ ճանապարհորդի: Այս երկակի անհեթեթության պայմաններում պարզ է դառնում հետեւյալը, որ եթե ուզում ես կառավարությունից գումար կորզել, պետք է վտանգավոր ընդդիմադիրի կեցվածք ընդունես, իսկ եթե քո՝ ընդդիմադիրի կեցվածքը վտանգավոր չի, կմնաս 30.000 դրամի հույսին, ինչն էլ արեց կառավարությունը ժողովրդի հետ:

Հիմա մեր թոշակառուներին եւ մինիմալ աշխատավարձով ապրողներին իրենց ուզածին հասնելու համար բան չի մնում անելու, քան դառնալ ռեալ վտանգ կառավարության համար: Ճանապարհները կարող են տարբեր լինել:

Առաջին.  ընտրությունների ժամանակ կտրականապես հրաժարվել ընտրակաշառքներից եւ վերջ դնել այս երեսպաշտ համակարգին:

Երկրորդ. հարմար առիթի դեպքում քաղաքացիական անհնազանդությունով ցույց տալ, թե ո՛վ է այս երկրի տերը:

Իսկ քանի դեռ ո՛չ առաջինն է արվում, ո՛չ երկրորդը, մեր զինվորները պիտի շարունակեն գոմեշի միս ուտել, թոշակառուները ստրկացուցիչ պայմաններում գոյատեւել, իսկ իշխանավորները` անտրամաբանական չափերի հարստանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել