Մոսկվայի կենտրոնում` հայկական աթոռանիստ եկեղեցում հենց հնչեց Քրիստոսի ծննդյան Մեծ Ավետիսը, հանդիսավորությամբ ներս բերվեց Լուսավորչի մասունքը` առաջին անգամ: Առաջին քրիստոնյա ազգի Սուրբ Ծննդյան այս տարվա պատարագը առանձնահատուկ դարձրեց Արթուր Ջանիբեկյանը: Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցում առաջին անգամ երկրպագում են Առաջին հայրապետի սուրբ մասունքը: 

http://www.photojoiner.net/image/lZElR4QB

Լուսավորչի մասունքը ձեռք բերելու պատմությունն ուշագրավ է: Փարիզ, հեղինակավոր աճուրդ: Ներկայացված հայկական մշակութային ու եկեղեցական բացառիկ նմուշների հետ աճուրդի էր հանվել նաև Լուսավորչի մասունքը: Բարերար Ջանիբեկյանի ուշադրությունը, բնականաբար, հենց դա էր գրավել: Ուսումնասիրել է, պարզել` մասունքը հայազգի կոլեկցիոներ Գիոմ Արալի մոտ է հայտնվել 3 տարի առաջ. Նեապոլի հնաոճ իրերի խանութից էր ձեռք բերել` ուղեկցող փաստաթղթերով: Մասնատուփի հետևի մասում կա կնիք, որը Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Սֆորզան է դրել: Եպիսկոպոս Սֆորզան առաջնորդ է եղել 1845-1877 թվականներին: Այդ կնիքով նա հավաստում էր, որ մասնատուփում պահվում է ճշմարիտ մասունք:

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը բարերարի սրտացավ վերաբերմունքն է ընդգծում` դրա շնորհիվ են սրբությունները հավաքվում եկեղեցում: Արթուր Ջանիբեկյանն էլ համեստորեն ժպտում է ու միայն մեկ բան ասում` շնորհակալ է Աստծուն. 
«Աստծուն շնորհակալ եմ, որ ունեցել եմ հնարավորություն` լինելու այն մարդը, ում միջոցով պետք է այս մասունքը փոխանցվեր մեր եկեղեցուն` ի բարօրություն և ի շահ մեր ժողովրդի, մեր հավատացյալների»:

Լուսավորչի մասունքը երկրպագության համար դուրս կբերվի տարին չորս անգամ` Առաջին կաթողիկոսին նվիրված եկեղեցական տոներին, որպեսզի հավատացյալները երկրպագությամբ, խորահումով ստանան օրհնությունը, շնորհը մեծ սրբի և քաջալերված, գոտեպնդված , լուսավորված հավատքով ապրեն իրենց կյանքն ու իրենց բարի գործերով վկայեն  նույն հավատքի ջերմեռանդությունը, ինչպես իրենց սուրբ հոր հավատն է առ Աստված, առ հայրենին և առ ազգը: 

Արթուր Ջանիբեկյանն այսքանով չի սահմանափակվի` նա խոստացել է Աջի տեսքով ոսկե մասունքարան պատրաստել, որտեղ կպահվի Լուսավորչի մասունքը` որպես ազգային սրբություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել