Վարչապետ Կարապետյանի երկրորդ հանձնարարականների խումբը վերաբերել է ոռոգման գործընթացն առավել արդյունավետ իրականացնելուն:
2017 թ. ոռոգման ջրի ջրատնտեսական կառույցների՝ ջրամբարներ, ջրանցքներ և այլն, ոռոգելի հողատարածքների բնագավառում ծառայություններ մատուցող կազմակերպությունների ֆինանսական և տեխնիկական միջոցների առավել արդյունավետ օգտագործման նպատակով հանձնարարել՝
1. Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ մինչև ս.թ. մարտի 1-ը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի, ՀՀ գյուղատնտեսության նախարարի, մարզպետների, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի աջակցությամբ գնահատել ոռոգման ջրամատակարարմամբ պայմանավորված պարտավորությունների ծավալները՝ ըստ համայնքների և ըստ ջրօգտագործողների և ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություններ այդ պարտավորությունների իրականացման վերաբերյալ:
2. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին, ՀՀ գյուղատնտեսության նախարարին, մարզպետներին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից 2017 թ. ոռոգման ջրապահանջի գնահատման, պայմանագրերի կնքման և անխափան ջրամատակարարման ապահովման նպատակով մինչև 2017 թ. փետրվարի 25-ը կոմիտեին տրամադրել ըստ համայնքների ոռոգելի հողատարածքների կադաստրային և փաստացի վերջին 3 տարիների տվյալները, ոռոգելի մշակաբույսերի կազմն ըստ զբաղեցված տարածքների: Մենք ուզում ենք 2 բազա համատեղել՝ համայնքներում այդ հողատարածքներն ինչ ձևով են հարկվում, և ինչ ձևով են ջրօգտագործման պայմանագրերը կնքվում: Ճշտման մեջ մենք բավական հետաքրքիր փաստեր ենք պարզելու, և համապատասխանաբար շուկան է մեծանալու: Օգտակար է և´ համայնքային բյուջեների ճշտման համար, և´ ջրի բիզնեսը կազմակերպելու, շուկան հասկանալու համար:
3. ՀՀ մարզպետարաններին՝ հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի ուժի մեջ մտնելը և 2017 թ. համայնքային բյուջեներում համապատասխան մուտքերը նշված օրենքով կարգավորվող չափերում նախատեսելու անհրաժեշտությունը՝ վերլուծել համայնքային բյուջեների սեփական եկամուտների հաշվարկային և փաստացի կատարողական ցուցանիշերը, համայնքների ղեկավարների հետ քննարկել, նախատեսել լրացուցիչ մեխանիզմներ, նոր մոտեցումներ և ապահովել 2017 թ. հաշվարկային ցուցանիշերի ավելի բարձր մակարդակ 2016 թ. համապատասխան ցուցանիշերի նկատմամբ՝ առաջարկելով համայնքների ղեկավարներին անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված կարգով կատարել փոփոխություններ 2017 թ. հաստատված համայնքների բյուջեներում կամ բյուջեների նախագծում: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ համակարգել և մինչև մարտի 1-ը վարչապետին ներկայացնել տեղեկատվություն:
Վարչապետի վերջին հանձնարարականը վերաբերել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին, Գյուղատնտեսության նախարարին: Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարել առևտրի խոշոր ցանցերում ներկայացված գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտի հիմնական տնտեսվարողներին մեկամսյա ժամկետում հանգամանալից ներկայացնել հումքի մթերման վճարումների կատարման համար պետական վարկավորման առաջարկվող մեխանիզմը և գրավչության առկայության դեպքում ներկայացնել առաջարկություններ վարկային նոր պրոդուկտի ներդրման վերաբերյալ: Կառավարության ղեկավարն առաջարկել է քննարկել բանկերի և այլ կառույցների հետ նշված մեխանիզմով ֆինանսավորման համար, բացի «Գյուղական ֆինանսավորման կառույց» պետական հիմնարկի կողմից կառավարվող վարկային ֆոնդերից, այլ միջոցներ ներգրավելու հնարավորությունը: «Խոսքն ինչի՞ մասին է. մենք փորձում ենք ստեղծել մի հարթակ, լոգիստական կենտրոն, որտեղ կաշխատենք օգնել վերամշակող գյուղատնտեսական մթերումներով զբաղվող մեր կառույցներին, որպեսզի այդ ֆինանսական հոսքերը, մթերումները կազմակերպեն ավելի էֆեկտիվ, ավելի կանխատեսելի: Մենք ակնկալում ենք գյուղատնտեսական ոլորտում պրոդուկտի աճ, որպեսզի չստեղծվեն լրացուցիչ ֆինանսական ճգնաժամեր: Այդ մեխանիզմը մենք առաջարկելու ենք բիզնես կառույցներին: Որևէ պարտադրանք, ադմինիստրատիվ հանձնարարական այդ բիզնես կառույցներին չկա: Կարծում եմ՝ մեր առաջարկը լինելու է իրենց համար շահավետ, այդ իսկ պատճառով ով համաձայնվի այդ հարթակում մասնակցություն ունենալ, ապա իր համար կստեղծի նպաստավոր պայմաններ»:



