ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (29 դեկտեմբեր 2016թ.)
Մենք լսեցինք, մեր աչքերով տեսանք և մեր ձեռքերով շոշափեցինք Որդուն՝ Բանը, որ սկզբից իսկ կյանքի ստեղծողն էր: Նա նույն ինքը կյանքն էր, որ հայտնվեց: Մենք տեսանք և վկայում ենք՝ ձեզ պատմելով նրա մասին, այսինքն՝ հավիտենական կյանքի մասին, որ Հոր հետ էր և այժմ հայտնվեց մեզ: Ինչ որ տեսանք և լսեցինք, պատմում ենք ձեզ, որպեսզի դո՛ւք էլ մասնակից դառնաք այն հաղորդությանը, որ մենք ունենք Հոր և նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ, և ձեր ուրախությունը կատարյալ լինի:
Այն պատգամը, որ լսեցինք նրանից և փոխանցում ենք ձեզ, այս է. Աստված լույս է, բնավ խավար չկա նրա մեջ: Արդ, եթե ասենք՝ «Հաղորդակից ենք նրան», և մյուս կողմից շարունակենք ապրել խավարի մեջ, ստում ենք և ճշմարտությունը չենք գործադրում: Իսկ եթե քայլենք լույսի մեջ, ինչպես որ ինքն է լույսի մեջ, այն ժամանակ ճշմարտապես հաղորդակից ենք լինում միմյանց, և նրա Որդու՝ Հիսուսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից:
(Հովհաննես առաքյալի առաջին նամակը 1:1-7)