Lurer.com-ը գրում է.

Իրաքյան բանակի ստորաբաժանումները «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից ազատագրել են Մոսուլ քաղաքի մեծ մասը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ ալ Ջաաֆարին:
Նրա խոսքով՝ ահաբեկիչներից մաքրվել են նաեւ Նայնավայի նահանգում գտնվող քաղաքի արվարձանները: «Խոսքը վերաբերում է 56 շրջաններից 40-ին: Սկսվում է մնացած 16 շրջանների ազատագրման աշխատանքը»,-հայտարարել է նա:
Դեկտեմբերի 27-ին Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ Մոսուլի լիակատար ազատագրման համար կպահանջվի երեք ամիս, հայտնել է Reuters գործակալությունը:
Նույն օրը միջազգային կոալիցիայի զորքերի հրամանատար, ԱՄՆ-ի բանակի գեներալ-լեյտենանտ Սթիվեն Թաունսենդն այն ենթադրությունն է արել, որ ԻՊ-ի կողմից վերահսկվող Սիրիայի Ռաքա եւ Իրաքի Մոսուլ քաղաքները զինյալներից կմաքրվեն մինչեւ 2018 թվականի վերջը:
Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի եւ ԻՊ-ի կողմից վերահսկվող իրաքյան տարածքների ոչ պաշտոնական մայրաքաղաքի՝ Մոսուլի համար ճակատամարտն սկսվել է հոկտեմբերի 17-ին: Միջազգային կոալիցիան՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, հարձակմանն աջակցում է օդից:
Քաղաքը պաշարած զորքերի ընդհանուր թվաքանակը կազմում է շուրջ 100 հազար: Ամերիկյան հետախուզության տվյալների համաձայն՝ նրանց կարող են դիմադրություն ցույց տալ մինչեւ հինգ հազար զինյալներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել