Ձնաբքից պաշտպանելու և արագ արձագանքելու համար ԱԻՆ-ը հատուկ հենակետեր է բացելPanARMENIAN.Net-ը գրում է.

Դեկտեմբերի 29-ից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունն աշխատելու է ուժեղացված ռեժիմով, սակայն ձյան առատ տեղումներն արդեն հասցրել են բազմաթիվ խոչընդոտներ ստեղծել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ՝ մարզերում:

ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի հանձնարարականով՝ ուշադրության կենտրոնում են հատկապես հանրապետական ճանապարհներին արգելափակված քաղաքացիները:

ԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, արագ և արդյունավետ օգնություն ցուցաբերելու նպատակով դեկտեմբերի 27-ից ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում ծավալվել են ժամանակավոր հենակետեր: Շարժական հենակետերում ծառայություն է իրականացնում 6 փրկարար, ովքեր ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին հրատապ օգնություն են ցուցաբերում՝ տրամադրելով տաք սնունդ և առաջին բուժօգնություն:

Շուրջօրյա հենակետերը ծավալված են՝

• Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ճանապարհահատվածի միջնամասում՝ Տաթևի վանքի մոտ (մոտակայքում կա նաև զինվորական հոսպիտալ)

• Արագածոտնի մարզի Մարգարա-Վանաձոր Մ3 ավտոճանապարհի 93-րդ կիլոմետրում՝ Գեղարոտ համայնքի մոտ: Այս պահին այնտեղ մի վրան է ծավալված և մեկ շինություն, որոնք համարվում են մեկ տեղամաս

• Գեղարքունիքի մարզի Սևան-Մարտունի ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին՝ Նորատուս համայնքի մոտ:

Հենակետերի տեղանքի ընտրությունը քննարկվել է մարզային փրկարարական վարչության պետերի հետ, որոշում է կայացվել վրանները ծավալել ձնաբքի, մերկասառույցի, արգելափակման իմաստով ամենավտանգավոր հատվածներում: Անհրաժեշտության դեպքում նախարարությունը պատրաստ է նման վրաններ ծավալել նաև մյուս մարզերում:

Արագ ծավալվող, մետաղական և պնևմատիկ հենաձողերով, երկշերտ ծածկով վրանները հագեցած են մարդկանց ժամանակավոր պատսպարման, ցուրտ եղանակին ջերմությամբ և տաք սննդով ապահովելու միջոցներով:

Վրանները ջրակայուն են և հագեցած են տուժածներին՝ տվյալ պարագայում ցրտահարության ախտանիշով քաղաքացիներին, առաջին օգնություն ցուցաբերելու բոլոր հնարավորություններով: Այն հնարավոր է ծավալել 3-5 րոպեի ընթացքում: Մեկ վրանը կարող է բուժօգնություն ցուցաբերել միաժամանակ երկու տուժածի, իսկ տաք սննդից և հյութերից կարող են օգտվել ավելի մեծ թվով քաղաքացիներ:

Վրաններում մարզային փրկարարական վարչության աշխատակիցները շուրջօրյա ծառայությունն իրականացնում են հերթափոխով, անհրաժեշտության դեպքում փրկարարական աշխատանքներին կարող են միանալ նաև լրացուցիչ ուժեր:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից հերթապահություն են իրականացնելու ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենը և մարզային վարչությունների բոլոր պետերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել