Եթե դու չգիտես ուր ես գնում` 
դու «այնտեղ» չես գնում…

Ըստ Պիտերի սկզբունքի՝ ցանկացած հիերարխիկ համակարգում, յուրաքանչյուր մարդ, ծառայողական աստիճաններով կարող է բարձրանալ մինչև որոշակի դիրքի հասնելը, որտեղ ինքն արդեն ի վիճակի չի լինում կատարել իր պաշտոնեական պարտականությունները, այսինքն՝ դառնում է ոչ կոմպետենտ, ոչ մտահասու: Այս աստիճանը կոչվում է տվյալ պաշտոնյայի ոչ մտահասության աստիճան, և նա, «կպչելով» այդ դիրքին, պատրաստ է ամեն բան անել այն չլքելու համար: Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր պաշտոնյա ձգտում է հասնել իր ոչ մտահասության աստիճանին: «Ժամանակային սահմանափակումների բացակայության պարագայում,- պնդում է Պիտերը,- ցանկացած կառավարման համակարգի պաշտոնեական ողջ աստիճանակարգը` վերից վար, զբաղված է լինում ոչ մտահասու մարդկանցով»:
Այսպիսի համակարգերը որակվում են որպես ՓՏԱԾ, իսկ նրանց կողմից կառավարվող օբյեկտները` լինի դա «պեռաշկի» թխելու արտադրամաս, գործարան, գյուղական կամ քաղաքային համայնք, թե պետություն` ԿՈՐԾԱՆՎԱԾ են, քանզի դրանց «պեռաշկին»` ուտելու, գործարանի արտադրանքը` գնելու բան չէ, գյուղը, քաղաքն ու պետությունն էլ մանրից դատարկվում, ավարվում ու ավերվում են: Այս վիճակում գտնվող համակարգերը, անկարող լինելով հասարակության առջև ծառացած բազմաթիվ պրոբլեմները երևակելու, պարտ ու պատշաճ որևէ հարց լուծելու կարողությունից, խոսքով, արտաքուստ, ձևերի հարթություններում, հասարակության առջև մտազբաղ ու մտահասու կառավարիչների «խաղեր տալով» իրականում զբաղված են միայն սեփական դիրքերի ամրապնդման, ինքնապահպանման, ինքնավերարտադրման խնդիրներով:

Մեր այսօրվա հայաստանյան իրականությունը, կարծես Պիտերի տեսության լաբորատոր-փորձարարական ապացույցը լինի: Ամեն բան ճիշտ և ճիշտ համընկնում է:

Սակայն մեզանում այսօր դրությունն էլ ավելի վատթար է, վիճակը` գրեթե անհույս, քանզի կառավարման ներկայիս համակարգից դուրս գտնվող գրեթե բոլոր ուժերն ու կազմակերպությունները, որոնք «տոգորված» են ներկայիս կառավարիչների տեղը գրավելու ճանապարհով երկրում ինչ-որ բան փոխելու մղումներով, արդեն կուսակցությունների, քաղաքական կազմակերպությունների, անհատ առաջնորդների և էլչգիտեմինչերի իրենց դիրքերում, սեփական մտահասության աստիճանի վերաբերյալ մեծ կասկածներ են հարուցում: 
Սրանք, բոլորն անվանումներով մեկը մյուսից տարբեր լինելով, ամեն մեկն իր հասկացած «դրախտային» մի երկիր է նկարագրում մարդկանց, որտեղ ժողովված ու միաբանված ողջ հայությունն ապրելու է եղածից էապես տարբերվող, իրենց պատկերացրած արժանապատիվ կյանքով, որտեղ տիրում է մարդու նյութական բարգավաճությունն ու բարեկեցությունը, մշտնջենական լույսը, զվարճանքն ու ուրախությունը, որտեղ բացակայում են կաշառակերությունը, պետության թալանը, անարդարությունը և ամբարիշտությունը, շահատենչությունն ու անբարոյականությունը: 

Այս մարդիկ, իսկ նրանց մեծամասնությունն այս նույն ճանապարհով մեկ անգամ արդեն անցած լինելով պետք է ըմբռնած լինեին, որ ներկա արժեքային համակարգում իրենց երազած «հայի դրախտը» գոյություն ունենալ չի կարող, քանզի կաշառակերությունն այստեղ ոչ թե համակարգի կողմնակի արդյունքն ու արատն է, այլ նրա հիմքը, պետական միջոցների հափշտակումը` ըմդունված նորմ է, պաշտոնեական դիրքի չարաշահումը`չգրված օրենք, քավորասանահերությունն ու խնամիականությունը` պաշտոնեական դիրքերի պահպանման ու ամրապնդման անհրաժեշտ միջոց, սեփական կուսակցության շահը վեր է պետական շահերից, քաղաքական, պաշտոնեական դիրքը` «բալիկներին» փոխանցվող ժառանգություն է և այլն, և այլն:

Այսօր, ավելի քան երբևէ, անհրաժեշտ է հոգևոր-բարոյական այս անկումից առ ճշմարիտ Լույսը մեզ ուղղորդող Ուղիներ որոնել, նոր, առաջանցիկ գաղափարներ գտնել: Սակայն մտավորականությունը, ում վրա դրված է այս Ազգափրկիչ, եթե չասենք ԱՇԽԱՐՀԱՓՐԿԻՉ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ, կարծես գոյություն չունի, մահացած է, կամ ժամանակավրեպ ու դատարկ բաներ խոսելով, կողմնակի դիտորդի կարգավիճակ ստանձնած իր համար թամաշա է անում, սրան-նրան իր «վերևներից» քննադատում և դրանով ինքնաբավարարվում: Հատուկենտ Բան ասողներին էլ` լսող չկա…
ԱՅՍ ԱՄԵՆԻ ՄԵՂԱՎՈՐԸ ՄԵՐՕՐՅԱ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԵՎ ՎԱՂՎԱ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել