Նամակ շնորհակալության, որ միգուցե մի քիչ երկար ստացվի։

Հասկանում եմ, որ դեռ մի քանի ամիս կա այս գումարման Ազգային ժողովի աշխատանքների ավարտին, բայց այս նամակը հիմա եմ գրում, քանի որ տարին է փոխվում և, թերևս, ամենաճիշտ ժամանակը հենց հիմա է:

Ուզում եմ տարին ամփոփել շնորհակալությունով: Շնորհակալություն բոլորին, ում հետ ճանապարհ եմ անցել 2012 թվականի մարտից: Շնորհակալություն բոլոր բարի, ոգեշնչող, սատարող, ճանապարհ ցույց տվող, ճանապարհին ընկերակցող, քննադատող, անհամաձայնություն հայտնող, «գլխիս սարքող», զրպարտող, պիտակավորող, նաև չնկատող բոլորին: Բոլորը միասին կոչվում են իմ շրջապատ, իմ երկիր, իմ անցած ուղու մի մաս: Բոլորին շնորհակալ եմ։

Մի քանի անվանական անդրադարձ ևս անեմ:

Առաջինը՝ շնորհակալություն եմ հայտնում Րաֆֆի Հովհաննիսյանին: Մարդու, ով մեր երկրի քաղաքական կյանք բերեց նոր մշակույթի տարրեր: Նրա՝ 2007-2012թթ. թիմը իսկապես նոր խոսք էր նոր մարդկանցով ու նոր ոճով հայրենիքին ծառայելու գործում: Ստեղծագործ մարդը չէր կարող կանգ առնել եղածի վրա և 2012-ին մեկ այլ փորձ էլ արեց: Հասկանում ու կիսում եմ, որ ամեն նորը ստեղծելուց կարող են լինել նաև սխալներ (չեմ բացառում, որ շատերը նաև ինձ կարող են համարել այդ սխալներից մեկը), բայց որևէ մեկը չի կարող մեղադրել Րաֆֆուն տեղում դոփելու և նոր բացահայտումներ չանելու մեջ: Ամեն մարդ իր առաքելությունն ունի այս կյանքում, և Րաֆֆին այս մի հարցում իսկապես ակնառու առանձնանում է: Իսկ 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ նրա՝ «Հնարավոր է»-ն, վստահ եմ, շատ մարդկանց մղեց պայքարի, ստիպեց հավատալ սեփական ուժերին, ստիպեց հավատալ, որ իսկապես ՀՆԱՐԱՎՈՐ է:

Իմ հաշվետվությունները հաշվետվություն են նաև, միգուցե և առաջին հերթին, հենց Րաֆֆուն այն մասին, որ պատգամավորությունն ամեն պահի դիտարկել եմ որպես պատասխանատվություն, պարտք, պարտավորություն, ազատությունների սահմանափակում ու անմնացորդ ջանք, փորձել եմ հավատարիմ մնալ իմ տված խոսքին, իմ ուխտին, սկզբունքային մնալ, նույնիսկ անհամաձայնության պահերին միշտ մնալ հավատարիմ գաղափարին, արժեքներին, մեր նախընտրական ծրագրին: Հուսամ, որ տարիներ հետո նախընտրական ծրագիր կոչվածն իրականում կսկսի հանդիսանալ յուրաքանչյուրի գործունեության անխախտ ուղեցույցը։ Հուսամ նաև, որ տեսանելի է եղել միշտ բաց, բայցև ազնիվ խոսալու բնավորությունս, շատ ժամանակ «սատանայի փաստաբանի» դերակատարումս քննարկումների ժամանակ մեր համագործակցության սկզբնական ժամանակահատվածում: Ցավոք, երկրոդ կեսին մենք առիթներ չունեցանք շփվելու, բայց ես դրան չեմ վերաբերվում քննադատաբար: Դա մի այլ դաս էր իմ համար՝ ավելի ու ավելի զարգացնելու սեփական ուժերն ու կայանալու քաղաքական դաշտում, ունակ լինելու ինքնուրույն որոշումներ կայացնելու և սեփական ճանապարհն անցնելու: Այս դասը այլ կերպ չէր լինի ու շատ շնորհակալ եմ դրա համար: Դա նաև դաս էր մնալու պարկեշտ, բարոյական, սկզբունքային: Շնորհակալություն Րաֆֆի:

Շնորհակալ եմ «Ժառանգության» թիմին: Շնորհակալություն անցած ճանապարհի, ծանոթության, նոր մարդկանց հանդիպելու, միասին պայքարելու, շատերին նորովի ճանաչելու, գնահատելու ու գնահատվելու համար: Այն ինչ կարողացել եմ, արել եմ, այն ինչ ոչ՝ ոչ: Դժվարանում եմ ասել՝ դուք ինչպես կգնահատեք ինձ, բայց ես շատ շնորհակալ եմ ձեզ այս տարիների համար: Հուսամ, որ շատերի հետ դեռ միասին կաշխատենք մեր երկրի հզորացման համար: Շատերիդ մոտ միգուցե չկարողացա փարատել զանազան զվարճալի մեղադրանքները ու պիտակավորումները, բայց ես մնացել եմ այն, ինչ եղել եմ: Շնորհակալ եմ բոլորիդ:

Շնորհակալ եմ նաև ԱԺ բոլոր այն պատգամավորներին, կառավարության անդամներին, պետական համակարգի պատասխանատուներին ու աշխատակազմերի ներկայացուցիչներին, ում հետ միասին պայքարել ենք մեր երկիրը մի փոքր ավելի լավը դարձնելու, փոխելու, կառուցելու, և, ամենակարևորը, մեր հանրությանը ծառայելու համար: Անուններ չեմ տա, բայց անհատապես շնորհակալ եմ բոլորից, ում հետ իսկապես կարողացանք հասնել իրական արդյունքի՝ չնչին, բայց իրական:

Շնորհակալ եմ այն նոր շրջապատին ու մարդկանց, ովքեր հավատալով-կիսելով, կամ ոչ, բայց լուսաբանեցին և ներկայացրեցին հանրությանը քաղաքական գործիչ Թևանին (հատուկ անունով եմ գրում, որ ազգանունս էլ չշփոթեք :)): Մեկ անգամ ասել էի, որ մամուլը մեր հասարակության հայելին է, և եթե որևէ մեկին դուր չի գալիս այդ հայելու մեջ իր ծուռ պատկերը, ապա դա հայելու մեղքը չէ: Իմ սիրելի լրագրողներ, ես ձեզ բոլորիդ շատ եմ սիրում ու ահավոր երջանիկ կլինեմ, որ նաև դուք հենց սեր տարածեք: Շատերիդ հետ լավ բարեկամներ կմնանք ու դեռ շատ երկար կաշխատենք տարբեր կարգավիճակներում: Ուրախ եմ, որ կարողացել եմ առնվազն Էթիկայի հանձնաժողովում պայքարել ու պաշտպանել ձեզ: Ճիշտ է՝ ազդեցությունն այն բոլոր որոշումների, որոնց զեկուցողիս կարգավիճակով կարողացել եմ հասնել, մեղադրական որոշումների, արդյունքի տեսակետից առայժմ առոչինչ են, բայց հիշենք, որ ցանկացած ճանապարհ սկսվում է առաջին քայլից: Հաշվենք որ միասին դրել ենք այդ քայլը: Մեկ անգամ ևս շնորհակալություն:

Առանձնակի շնորհակալություն պետք է հայտնեմ ընկերներիս: Այո, այստեղ ես հենց այդ հասկացությամբ եմ ցանկանում դիմել իրենց: Իրենք կան և՛ գործընկերների, և՛ պաշտոնյաների, և՛ հասարակ բանվորների, և՛ հանրային դաշտում, և՛ բարեկամների ու ծառայողների, մի խոսքով մեր երկրի բոլոր շերտերի մեջ: Բայց իրենք կյանքի ընկեր են, որ երեսիդ ասում են ճիշտը, մեջքիդ հետևից չեն խոսում, սխալիդ ժամանակ ձեռք են մեկնում, իսկ հաջողությանդ ժամանակ չեն թողնում իրականության զգացումդ կորցնես: Շնորհակալություն: Ես Ձեզ սիրում եմ ու խոստանում եմ միշտ լինել նույն Թևանը՝ պարզ, հասարակ, միշտ հասանելի ու նվիրված:

Աստծուց շնորհակալ եմ ծնողներիս, բարեկամներիս ու ընտանիքիս համար: Միշտ կողքիս լինելու, միշտ դրվատանքի խոսք ասելու ու միշտ պաշտպանելու համար: Այո՛ ընտանիքում ամեն ինչ հակառակ է աշխատում: Եթե քաղաքականության մեջ դու պետք է պաշտպանես ուրիշներին, ապա ընտանիքն այն տեղն է, որ իրենք են քեզ պաշտպանում:

Ներողություն չհասցրածի համար ու շնորհակալություն, որ դուք կաք:

Եվ վերջում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ՀՀ քաղաքացիներին ու Արցախի հայրենակիցներիս, դուք եք ամեն մեկդ ձեր տեղում ստեղծում ու արարում, կերտում ու կառուցում, ծառայում ու պաշտպանում մեր հայրենիքը: Աստված պահապան մեր հայրենիքին և բոլորիս ուժ տա ծառայելու՝ ի բարօրություն մեր երկրի:

Դուխով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել