Ի՞նչ փոխվեց սեպտեմբերից մինչ օրս
2016-ը մոտենում է ավարտին: Գործադիր մարմնում նախարարություններն ու գերատեսչությունները ամփոփում են տարին։ Իհարկե, նոր կառավարության գործունեությունից անցել է մոտ 100 օր, ինչը չափազանց քիչ ժամանակահատված է այն գնահատելու համար։ Ամեն դեպքում կարելի է որոշակի պատկերացում կազմել ձեռնարկված քայլերի արդյունավետության վերաբերյալ։
Այսպիսով՝ կառավարության գործունեության արդյունքները նկատելի են հատկապես էներգակիրների շուկայում։ Այստեղ նվազեցին գազի և էլեկտրաէներգիայի սակագները։ Ներմուծվեց սպառողների նոր խումբ՝ ի դեմս անապահով ընտանիքների, որոնք ստացան սակագնային ավելի արտոնյալ պայմաններ։ Տնտեսության մի շարք ոլորտների՝ մասնավորապես ջերմոցային տնտեսության և վերամշակող արդյունաբերության առանձին ճյուղերի համար ևս սահմանվեցին գազի արտոնյալ սակագներ։ Վերջին երկու ամսվա ընթացքում բենզինի գները ևս նվազել են 50 դրամով կամ ավելի քան 13 տոկոսով։
Նոյեմբերին դրական տեղաշարժ արձանագրվեց նաև պետական ֆինանսական միջոցների համալրման առումով։ Պետական բյուջեի մուտքերը կազմեցին ավելի քան 97 մլրդ դրամ, ինչը 6,5 միլիարդով գերազանցում է նախորդ տարվա մակարդակը։ Մյուս ոլորտներում էլ ստեղծվել են լավ հիմքեր հետագա զարգացումների ապահովման համար։
Ձևավորվել է միասնական հարթակ ներդրումային ծրագրերը մեկ կենտրոնի միջոցով պոտենցիալ ներդրողներին ներկայացնելու նպատակով, ձևավորման փուլում է այն հիմնադրամը, որի միջոցով կառավարությունը մտադիր է մասնավորի հետ մասնակցել բիզնես ծրագրերի իրականացմանը։
Մշտամնա խնդիրներից մեկը՝ տնտեսավարողների համար գործունեության հավասար դաշտի ապահովումը, սկսվել է մաքսային սահմանից, որտեղ ևս ոչ մեծ, բայց որոշակի տեղաշարժ նկատվում է։